.jpg)
ԱԳՆ. «ՀՀ-ում ջախջախիչ մեծամասնությունը խաղաղության է տրամադրված»
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի համատեղ ասուլիսի ժամանակ եվրոպացի դիվանագետը նշեց, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման միակ ուղին բանակցություններն են:
«Միայն քաղաքական մակարդակով կարելի է անդրադառնալ այս հարցին, մենք ուզում ենք հորդորել կողմերին` շարունակել այդ բանակցությունները: Իդեալական կլիներ, եթե այդ աշխատանքը ինտենսիվացվեր»,- ընդգծեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Լ.Զանիերը հիշեցրեց, որ եղել է Բաքվում ու հանդիպել նախագահ Ալիևի հետ. «Նախագահ Ալիևի հետ քաղաքական այս հարցերը շոշափվեցին: Ես տեսնում եմ խնդիրը, ես տեսնում եմ տարբերությունները: Նա մասնակցեց այդ քննարկմանը, և դա արդեն համարում եմ դրական, այս միտումը կշարունակվի»:
Ի պատասխան հարցին, թե Հայաստանն ինչպե՞ս է պատրաստում իր հասարկությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԱԳ նախախարար Էդվարդ Նալբանդյանն նկատեց.«Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ռազմատենչ հայտարարություններ չի անում և չի հայտարարում, որ 20 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, Հայաստանը չի մերժում միջազգային հանրության առաջարկները, և այսօր Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության հետ: Ադրբեջանը վերցնում է միջազգային հայտարարություններից մի դրույթ ու, հարմարեցնելով իրեն, հայտարարում, թե միջազգային հանրությունն այս կարծիքն ունի կամ այն: Բայց միջազգային հանրությունը հստակ կարծիք ունի, որ ուժի կիրառումը չի բերելու կարգավորմանը և ուժի նոր կիրառումը խստորեն դատապարտվելու է միջազգային հանրության կողմից»,- նշեց ԱԳ նախարարը` ընդգծելով, որ այդ ամենը բերում է այն իրավիճակին, որ գոյություն ունի Ադրբեջանում այսօր, երբ հանրային կարծիքի մեծ մասը տրված է պատերազմին:
Մինչդեռ, Է. Նալբանդյանի խոսքերով, դժվար է պատկերացնել, որ հայաստանցիների մեծ մասը տրամադրված է պատերազմին. «Հայաստանում ջախջախիչ մեծամասնությունը խաղաղության է տրամադրված»:
Նույն հարցին անդրադարձավ նաև եվրոպացի պաշտոնյան` նշելով, որ թեև ԵԱՀԿ-ն միջնորդում է, սակայն կարևոր է, որ կողմերը ցուցադրեն իրենց նվիրումն ու սեփական հանրությանը` ի վերջո նախապատրաստեն կնքվելիք համաձայնության:
«Շատ լավ է, որ բանակցությունների սեղանի շուրջ կա պատրաստակամություն, սակայն ես կուզենայի, որ այն բոլոր կողմերից ավելի ինտենսիվանար»- եզրափակեց իր խոսքը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: