Խախտվում են ոչ շարային ծառայության զինծառայողների իրավունքները
12/07/2012 19:17

Խախտվում են ոչ շարային ծառայության զինծառայողների իրավունքները

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է ստանալ ահազանգեր ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողներին շարային ծառայության մեջ՝ մասնավորապես, մարտական դիրքերում և վերակարգում ընդգրկելու, շարային պատրաստության անցնելու մասին: Նման վերաբերմունքի հետևանքով ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողների առողջական վիճակի վատթարացման մասին կազմակերպությունը ահազանգել է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Սակայն, պաշտպանական գերատեսչությունը միջոցներ չի ձեռնարկում նշված խախտումները վերացնելու ուղղությամբ:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը իր անգործությամբ շարունակաբար խախտում է ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողների իրավունքները:

Ոչ շարային զինծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիների ներգրավումը շարային ծառայության մեջ վատթարացնում է նրանց առողջական վիճակը, նպաստում է ոչ կանոնադրական հարաբերությունների ձևավորմանը և հանդիսանում է նրանց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:

Համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում ստիպված կլինենք արձանագրել քաղաքացիների առողջական վիճակի վատթարացման, խեղումների և մահացությունների նոր դեպքեր:

Սույն հայտարարությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգում է և պահանջում է ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ոչ շարային զինծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիների համար զինվորական ծառայության արժանապատիվ պայմանների ապահովման և նրանց մարդու իրավունքների խախտումների վերացման ուղղությամբ»,- ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած  հաղորդագրության մեջ:

 

Խախտվում են ոչ շարային ծառայության զինծառայողների իրավունքները