.jpg)
Սաֆարյան. Ֆեոդալություն, որը ձեռնտում է մի խումբ մարդկանց
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայրենական ապրանք արտադրողների նախագահ Վազգեն Սաֆարյանը խոսեց մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման մասին` երկրի տնտեսության համաչափ զարգացման ֆոնին:
Պատասխանելով Aysor.am-ի թղթակցի դիտարկմանը, թե մարզերում շատ հաճախ փոքր և միջին բիզնես վարողները պարզապես տեղական որևէ ազդեցիկ անձի մեկ ցուցումով կարող են իրենց բիզնեսը չշարունակել, այդ դեպքում ինչպե՞ս պետք է զարգանան ՓՄՁ-ները, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց, որ եթե նման դեպք կա և ՓՄՁ-ին ճնշել են, կարող են դիմել Հանրային Խորհուրդ, Հակամրցակցային հանձնաժողով, կամ Հայրենական ապրանք արտադրողներին: Նա նաև վստահություն հայտնեց, որ վերոնշյալ կառույցները կօգնեն դժվար իրավիճակում հայտնված ՓՄՁ-ների ներկայացուցիչներին:
Սաֆարյանը մարզերում ՓՄՁ-ների ճնշումը խոշոր բիզնեսների կողմից բացատրեց ֆեոդալական բարքերով:
«Հասարակական ֆորմացիաների փոփոխության մեջ չկա սոցիալիզմից անցում կապիտալիզմի, եթե կա` այդ ճանապարհն անցնում է ֆեոդալիզմի միջոցով»,- ակադեմիկոս Վլադիկ Ներսիսյանի բնութագրումը ներկայացրեց բանախոսը և նշեց, որ սոցիալիզմից անցել ենք ֆեոդալիզմի, առաջ գնալու փոխարեն հետ ենք գնացել, իսկ այս վիճակը ձեռնտու է մի խումբ մարդկանց:
Վազգեն Սաֆարյանը նաև հիշեցրեց 2000 թ.-ին ԱԺ ընդունած օրենքի մասին` մարզերի համաչափ զարգացման շրջանակներում` ուղղված ՓՄՁ-ների զարգացմանը:
«Եթե ինչ-որ մեկը ֆեոդալություն է անում, նրա նկատմամբ պետք է կիրառել կա'մ քրեական, կա'մ ադմինիստրատիվ, կա'մ բարոյական ուժ` որը կստացվի»,- ասաց Հայրենական ապրանք արտադրողների նախագահը: