ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
12/07/2012 17:43

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Այսօր, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լարտվական ծառայությունից:

Ողջունելով պարոն Զանիերի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մեր երկիրը կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ արդյունավետ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով եւ կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում:

Զրուցակիցները անդրադարձան Հայաստանում կայացած խորհրդարանական և առաջիկա նախագահական ընտրություններին: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դրական գնահատեց խորհրդարանական ընտրությունները` նշելով, որ դրանք արժանացել են միջազգային դիտորդների դրական գնահատականին և առաջարկեց ԵԱՀԿ խորհրդատվական օժանդակությունը առաջիկա նախագահական ընտրություններում: 

Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ իշխանություններին կհաջողվի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնել և նշեց, որ մեր երկիրը ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ գործուն համագործակցություն, ինչպես նաև նրանց օժանդակությունը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունները և գործընթացները առավել ամրապնդելու գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շեշտեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների արդյունքում եւ իր աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:  Նա խիստ մտահոգություն հայտնեց շփման գծում միջադեպերի կապակցությամբ եւ անհրաժեշտ համարեց դիպուկահարների հետ քաշումը շփման գծից` անթույլատրելի համարելով ուժի կիրառումը եւ խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները:

ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձևաչափ: Նրա խոսքով` մեր երկիրը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Կողմերը հակամարտությունների կարգավորման խնդրում կարևոր դեր վերապահեցին խորհրդարանական դիվանագիտությանը: Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր ևս:
 

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին