14/07/2012 16:50
Հայ-իրանական համագործակցություն
2012 թ հուլիսի 16-ից 18-ը, պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Այցի նպատակն է քննարկել`1. Արաքս գետի ջրօգտագործման խնդիրները, 2. Անդրսահմանային Խաղաղության այգու (պարկի) հիմնման հարցերը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և ԻԻՀ փոխնախագահի, Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի կողմից կստորագրվի Փորձագիտական խմբերի իրականացրած աշխատանքների արդյունքում կազմված արձանագրությունը:
Դեռևս 2011թ դեկտեմբերին բնապահպանության նախարարը ընդունեց ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին, հանդիպման ժամանակ քննարկվեց և ձեռք բերվեց համաձայնություն երկու երկրների ընդհանուր սահմանում ստեղծել Անդրսահմանային պահպանվող տարածք` բարեկամության և խաղաղության այգի կառուցելու նպատակով:
2012թ մարտի 3-ից 5-ը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հրավերով Թեհրան էր ժամանել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ժամանակ երկու կողմերի միջև ստորագրվել էր «Բնապահպանական համագործակցության հուշագիր», որի առանցքային կետերն են. .Արաքս գետի հայ-իրանական մոնիթորինգի իրականացման, ջրի որակի բարելավման և աղտոտման աղբյուրների նկատմամբ հսկողության իրականացումը, անդրսահմանային պահպանվող տարածքի ստեղծման հարցերը, .բնապահպանական կրթական հարցերով ուսանողների փոխայցելությունների կազմակերպումը:
Կողմերը` համագործակցությունը երկու երկրների միջև բնութագրում են որպես կայունության և խաղաղության խորհրդանիշ: