«Արմավիա»-ի մոնոպոլիստական դիրքը` ավիատոմսերի բարձրացման պատճառ
14/07/2012 13:15

«Արմավիա»-ի մոնոպոլիստական դիրքը` ավիատոմսերի բարձրացման պատճառ

«Արմավիա»-ի տրամադրած ավիատոմսերի գները դժգոհություն են առաջացրել աշխարհի տարբեր երկրներում ապրող սփյուռքահայերի շրջանում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը:

«Դեռ անցյալ տարի «Արի տուն» ծրագրով Հայաստան եկած հայերը բարձրաձայնեցին այս մտահոգությունը: Նրանք նշում էին, թե ինչ խնդիրներ է դա առաջացնում սփյուռքում: Նրանք նշեցին, որ պետք է գնան Կիև, այնտեղից Վրաստան, հետո Հայաստան, որ ավելի էժան լինի: Կարծում եմ, «Արմավիա»-ի այս մոնոպոլիստական դիրքը կարելի է փոխել մրցակցության շնորհիվ, ինչպես եղավ կապի ոլորտում»,-ասաց Հռիփսիմե Մարգարյանը:

22-ամյա սիրիահայ Հարութ Փալուլյանն անցյալ շաբաթ է Սիրիայից Հայաստան եկել, նրա խոսքով, Սիրիայից Հայաստան «Սիրիական ավիաուղիների» օդանավի տոմերը 120-150 դոլարով էժան է Արմավիայի գներից, սակայն այդ տոմսերը մինչև սեխպտեմբեր սպառված են:

«Արմավիայի տոմսի նախնական արժեքը 670 դոլար է, ստիպված ավտոբուսով եմ եկել, իսկ Սիրիայի ավիաուղիները ունեն միայն Հալեպ-Երևան Հալեպ չվերթը, որով պարտադրում են հետ վերադառնալ Սիրիա»,-ասաց նա:

Սիրիահայ երիտասարդն անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին` ասաց, թե հայերի համար ավելի նպաստավոր է, որ Բաշար Ասադը մնա նախագահի պաշտոնում, այլապես, նրանց վիճակն ավելի կվատանա:

Ասուլիսի ժամանակ ներկայացված տվյալների համաձայն, անցյալ շաբաթվա դրությամբ, արդեն 8000 հայ դիմել են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, որից 3000-ն արդեն ստացել են:

Հարութը Հայաստանում 10 տարվա բնակության իրավունք է ձեռք բերել և իր ապագան տեսնում է Հայաստանում. «Սիրիայում հայերին գործունեության փոքր շրջանակ է ընձեռվում, այնտեղ ամեն բան անել չես կարող, ինչպես այստեղ, բացի այդ, այստեղ բոլորը հայ են, և ամեն ինչ կարող ես այստեղ անել, ես շատ շնորհակալ եմ մեր իշխանություններից, որովհետև այնտեղից բացի Հայաստան և Ռուսասատան, ոչ մի այլ երկիր հնարավոր չէ գնալ, միայն այդ երկրների դեսպանատներն են մնացել»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարութը:

Ասուլիսին ներկա էր նաև լիբանանահայ Հռիփսիմե Մարգարյանը, ում խոսքով, Լիբանան-Երևան չվերթի գինը մի քանի ամսում թանկացել է, և չնայած առանց այդ էլ թանկ էր, քան այլ երկրներում:

««Արմավիան» ուղղակի օգտվում է այս առիթից` ավիատոմսի գները բարձրացնելու համար. դրանք օր-օրի թանկանում են: Պետությունը պետք է հրատապ զբաղվի այս հարցով, որ «Արմավիան» զեղչային համակարգ ստեղծի, որ գոնե քվոտաներ լինեն»,-ասաց Հռիփսիմե Մարգարյանը, հավելելով, որ իրենք բարձրաձայնել են այս խնդիրը և շուտով նամակ են ուղարկելու տրանսպորտի և կապի նախարարին:
 

«Արմավիա»-ի մոնոպոլիստական դիրքը` ավիատոմսերի բարձրացման պատճառ