.jpg)
Երևանի «էլիտար» ոստիկաններն ու հասարակական կարգը
Վերջին շրջանում, հատկապես, Երևանի կենտրոնական հատվածներում կարելի է հանդիպել Ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցների, որոնց թե’ հագուկապը, թե’ գիտելիքները, թե’ «զինվածության» մակարդակը տարբերվում է ՊՊԾ այլ աշխատակիցներից: Նրանք նույնպես ՊՊԾ-ի ոստիկաններ են, սակայն ներկայացնում են ՊՊԾ 4-րդ հատուկ գումարտակը:
Ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Խաչիկ Ավետիսյանն Aysor.am-ի թղթակցին ասաց, որ հատուկ գումարտակի աշխատակիցները տիրապտում են բազմաթիվ լեզուների` ռուսերենի, անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և իսպաներենի:
«Նախկինում, երբ մեր երկիր էին այցելում օտարերկրյա դիվանագետներ, տուրիստներ և առհասարակ հյուրեր, նրանք տարբեր հարցերով դիմում էին ոստիկաններին, ու շատ հաճախ անհարմար պահ էր ստացվում` մենք չենք կարողանում մեր հյուրերին օգնել: Այդ պատճառով էլ, որպեսզի ոստիկանները նման խնդրի այլևս չբախվեն, ստեղծեցինք հատուկ գումարտակը: Մեր նախարարի նախաձեռնությունն էր` ոստիկանությունը ժամանակին համընթաց քայլի»,- մանրամասնեց ՊՊԾ գնդի հրամանատարը:
ՊՊԾ հատուկ գումարտակի ոստիկանները տիրապետում են ոչ միայն լեզուների, այլև` «զինված» են առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաներով. նրանք դեպքի վայրում կարող են բուժօգնություն ցույց տալ` մինչև կժամանի «Շտապ օգնության» մեքենան:
Հատուկ գումարտակի ոստիկաններին ասում են նաև «էլիտար» ոստիկաններ. նրանք, բացի այն, որ Երևանի կենտրոնական հատվածներում հսկում են հասարական կարգը, նաև` հատուկ միջոցառումների ժամանակ արտասահմանից ժամանած պատվիրակությունների, տուրիստների, դեսպանությունների պատվիրակությունների համար հասարակական կարգն են ապահովում:
Հատկանշական է, սակայն, որ հատուկ գումարտակի ոստիկանները շրջում և իրենց ծառայությունը մատուցում են միայն Երևանի կենտրոնում, ու օրինակ մայրաքաղաքի ծայրամասերում նրանց` «էլտար» ոստիկաններին, կարելի է հանդիպել միայն կարևոր միջոցառումների ժամանակ:
«Գումարտակի անձնակազմը դեռ քիչ է, որպեսզի նրանք ծառայություն անցկացնեն նաև ծայրամասերում, սակայն չի բացառվում, որ մոտ ապագայում նրանք ծառայություն իրականացնեն նաև ծայրամասերում»,- նկատեց Aysor.am-ի զրուցակիցը:
Պարոն Ավետիսյանը, չխախտելով կանոնները, չնշեց, թե ներկայում քանի հոգի է աշխատում հատուկ գումարտակում, սակայն ասաց, որ հնարավոր է` հատուկ գումարտակը համալրվի նոր մասնագետներով:
Աղջիկները, թեև այս գումարտակում քիչ են, սակայն ՊՊԾ գնդի հրամանատարը հավաստիացրեց` ամեն բան արվելու է, որպեսզի առհասարակ ոստիկանության համակարգը համալրվի իգական սեռի ներկայացուցիչներով. «Մեզ համար պարզ դարձավ, որ կանանց և աղջիկների կողմից արված նկատողությունները հասարկության կողմից ավելի ճիշտ ու արագ են ընկալվում»:
Նշենք, որ «էլիտար» ոստիկանները հիմնականում ավարտել են ՀՀ ոստիկանության ակադեմիան, սակայն լրացուցիչ նախապատրաստական դասընթացներ անցել են Եվրոպայում և ԱՄՆ-ում: