.jpg)
Դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան
Նախօրեին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հերթական այցելությունն է իրականացրեց Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջան: Այցելության ընթացքում կայացել է Հայաստանի դեսպանի և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի նախագահի նորանշանակ լիազոր (նահանգապետ) Իվանե Ծիկլաուրիի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր տնտեսական, սոցիալական և մշակութային բնագավառներում: Դեսպանն ու նահանգապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային տնտեսական ծրագրի, ենթակառուցվածքների շարունակական մոդեռնիզացման, սոցիալական ծրագրերի, ինչպես նաև ջավախահայության ազգային ինքնության պահպանությանն ուղված համատեղ քայլերի անհրաժեշտության մասին:
Ձեռք է բերվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ սերտ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն:
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ` նույն օրը դեսպան Մանուկյանը մասնակցել է Ախալքալաքի շրջանում` աշուղ Ջիվանու հայրենի Կարձախ գյուղում, վերանորոգված Սուրբ Կարապետ եկեղեցու դռնբացեքի հանդիսավոր արարողությանը: Հատկանշական է, որ մոտ 100 տարի չգործած այս եկեղեցին վերանորոգվել է կարձախցիների համատեղ ջանքերով, այդ թվում` գյուղի այն բնակիչների, ովքեր արդեն վաղուց հեռացել են իրենց հայրենի Կարձախից և այժմ բնակվում են Հայաստանի տարբեր վայրերում: Արարողությունը կատարվել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ: