.jpg)
Հ. Հակոբյանը կոչ է արել «Արի տուն» ծրագրի մասնակիցներին
Նախօրեին Աղավնաձորի ճամբարում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա ենե եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մշակույթի և արվեստի գործիչներ: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունել է երիտասարդներին և դիմելով «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակիցներին` հորդորել նրանց ապրելով տարբեր երկրներում հպարտ լինել և միշտ պահել կապը Հայրենիքի հետ:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ևս ողջունել է սփյուռքահայ երիտասարդներին` նշելով, որ «Արի տուն» ծրագիրը իր մեջ բազում խորհուրդներ ունի: Նա մասնավորապես ընդգծել է, որ ծրագիրը կոչ է աշխարհասփյուռ հայերին, որպեսզի նրանք վերադառնան տուն և զգան Հայրենիքի ջերմությունը:
Ճամբարի փակման արարողությանը իրենց կատարումներով հանդես են եկել «Հայկազունք» ժողովրդա-գուսանական համույթը և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերին» մասնակից Ռումինիայի «Վարդավառ» պարախումբը:
Միջոցառումն ավարտվել է Ճամբարային խարույկով, որի շուրջ մասնակիցներն ասմունքել և երգել են:
Աղավնաձորի ճամբարում այս անգամ հյուրընկալվել էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 երիտասարդներ: