Քաղաքապետարանն ու «Օրանժ Արմենիա»-ն համագործակցում են
14/07/2012 15:56

Քաղաքապետարանն ու «Օրանժ Արմենիա»-ն համագործակցում են

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու «Օրանժ Արմենիա» ՓԲԸ -ի ղեկավարությունը քննարկել են համագործակցության ծրագրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Կարևորելով քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող բարեփոխումները` քաղաքապետը հատկանշել է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը:
«Մասնավորի հետ համագործակցության շրջանակներում արդեն իսկ ունենք հաջողված ծրագրեր։ Ողջունելի է փաստը, երբ առաջին անգամ քաղաքային տրանսպորտում Երևանի քաղաքապետարանի և «Օրանժ Արմենիա» ընկերության համատեղ պիլոտային ծրագրով տեղադրվեցին անվճար Wi-Fi համակարգեր»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


Ծրագիրը շարունակելու և ընդլայնելու նպատակով` քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքային տրանսպորտում ներկայում տեղադրված 91 համակարգերի թիվը մինչև տարեվերջ հասցնել 255-ի: Բրունո Դյութուան շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին համագործակցության համար և նշել, որ ընկերությունը հետագայում ևս ակնկալում է քաղաքապետարանի աջակցությամբ նոր համատեղ ծրագրեր կյանքի կոչել:


«Մենք բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր ու հանրային միջոցառումներ ենք իրականացրել: Հետաքրքրված ենք նաև Ձեր նախաձեռնությամբ` այգիներում, պուրակներում և հանրային այլ վայրերում Wi-Fi համակարգերի տեղադրմամբ, ինչպես նաև պատրաստ ենք մասնակցելու քաղաքային այլ ծրագրերում»,-նշել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը:


Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության համար և վստահեցրել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Քաղաքապետը նաև ընդգծել է Երևանում ներդրումային հետաքրքրություններ ունեցող տարբեր ոլորտներում ընկերության հետ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները և նշել, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ու բաց քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկներ:

 

Քաղաքապետարանն ու «Օրանժ Արմենիա»-ն համագործակցում են