.jpg)
Մեթանով լցված փուչիկները լիցքավորվել են լիցքավորողի բնակարանում
Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում գազով լցված փուչիկների բռնկման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են համալիր փորձաքննություններ, որոնք նախաքննական մարմիների հավաստմամբ, օգնել են լույս սփռել գործի վրա:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից Aysor.am թղթակցին հայտնեցին, որ մասնավորապես, պարզվել է, որ մոտ 7000 փուչիկները լիցքավորված են եղել սեղմված մեթան տեսակի գազով Երևանյան բնակարաններից մեկում` լիցքավորողի տանը: Հստակ պարզվել է նաև դեպքի հանգամանքները, մասնավորապես, թե ով է լիցքավորել փուչիկները, սակայն առայժմ գործով ձերբակալվածներ չկան: Այս ընթացքում հարցաքննվել է 250-ից ավելի մարդ, այդ թվում` ՀՀԿ ներկայացուցիչներ:
Ոստիկանության փոխանցմամբ` այս մասին լրացուցիչ ինֆորմացիա ևս կտրամադրվի:
Նշենք, նաև որ մեթան գազի օգտագործումը փուչիկների լիցքավորման համար ՀՀ օրենսդրությամբ չի կարգավորվում:
Հիշեցնենք, որ փուչիկների բռնկման հետևանքով մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման տասնյակ մասնակիցներ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոցներ: Ընդհանուր առմամբ, Երևանի տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 154 անձինք, ովքեր դուրս են գրվել հիվանդանոցից: