.jpg)
«Համերաշխ ընտանիքը համերաշխ հասարակության բաղկացուցիչ մասն է»
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց «Լավագույն մարզական ընտանիք 2012» մրցույթի եզրափակիչ փուլին: Ծաղկաձորում կայացած եզրափակիչ փուլի հաղթողներին մրցանակ շնորհեց անձամբ Սերժ Սարգսյանը:
Նախագահը, դիմելով մրցույթի մասնակիցներին, շնորհավորեց բոլոր հաղթողներին` նշելով, որ հաղթանակը թանկ է, հատկապես, երբ ձեռք է բերվում ազնիվ պայքարում: Երկրի ղեկավարը նշեց նաև, որ մրցույթին մասնակցում են հազարավոր ընտանիքներ. «Մեր նպատակն է, որ ՀՀ հարյուր հազարավոր ընտանիքներ զբաղվեն սպորտով»:
Այսպիսի մրցույթները, Ս.Սարգսյանի խոսքերով, նպաստում են ընտանիքների համերաշխությանը. «Ընտանեկան համերաշխությունն օգնում է հաղթահարել կյանքի դժվարությունները: Համերաշխ ընտանիքը համերաշխ հասարակության բաղկացուցիչ մասն է»: Նախագահը կոչ արեց մրցույթի մասնակիցներին տարածել այս գաղափարները:
Ներկաներին ողջույնի խոսք հղեց և մրցույթի հաղթողներին շնորհավորեց նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը` նշելով, որ այս միջոցառումը կազմակերպվել է ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, որի նպատակը սպորտն ավելի մասսայական դարձնելն է:
Միջոցառմանը ներկա էին նաև Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզպետները և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ հայ հասարակության շրջանում արդեն իսկ լավագույն ավանդույթ է ձևավորվել մրցել ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» մրցանակի համար, որն այս տարի անցկացվում է արդեն 9-րդ անգամ:
Մրցույթն անցկացվում է երեք փուլով. երրորդ` եզրափակիչ փուլը, տեղի է ունենում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում:
2012-ին մրցույթի առաջին փուլին մասնակցել է 1475 ընտանիք: Մրցույթի բյուջեն կազմում է 69 մլն դրամ, մրցաշարի երրորդ` եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված ընտանիքները ստացան համապատասխանաբար` 500, 400 և 300 հազարական դրամներ: