Սիրիահայ.«Սիրիահայերը ծայրագույն խուճապի մատնված չեն»
20/07/2012 13:08

Սիրիահայ.«Սիրիահայերը ծայրագույն խուճապի մատնված չեն»

Թեև սիրիահայ գրող Տիգրան Գաբոյանն արդեն երեք ամիս է Հայաստանում է, սակայն անընդմեջ կապ է պահպանում Սիրիայում բնակվող իր ծանոթների ու բարեկամների հետ, և այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սիրիահայերը ծայրագույն խուճապի մատնված չեն:

Սիրիահայն ասաց, որ մինչև այս պահը Սիրիայում պայթյունների ժամանակ մահացել է 6 հայ (Սիրիայի քաղաքացի), որոնցից երեքը զինծառայող են եղել, երեքը` սովորական քաղաքացի: Միևնույն ժամանակ նա հույս հայտնեց, որ այնտեղի սիրիահայ համայնքը շատ չի տուժի իրավիճակից:

Տ.Գաբոյանն ասաց, որ սիրիահայերը, գալով Հայաստան, հիմնականում բնակվում են վարձով. «ՀՀ կառավարությունը ինչ-որ քայլեր անում է սիրիահայերին օգնելու համար, բայց քիչ է ու, իհարկե, սիրիահայերը հանդիպում են խնդիրների` կապված ինչպես բնակվելու տեղի, այնպես էլ` աշխատանքի հետ»:

Սիրիահայերը ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով նամակով դիմել են «Արմավիա» ընկերությանը` պահանջելով, Գաբոյանի խոսքերով, իջեցնել տոմսի գները, վերացնել վիզային ռեժիմն ու ավելացնել չվերթները, սակայն դեռ որևէ պատասխան կամ որևէ փոփոխություն չկա:

Տ.Գաբոյանը կարծում է, որ եթե Սիրիայում իշխանության գան իսլամիստները, վտանգ չեն ներկայացնի հայ համայնքի համար:
 

Սիրիահայ.«Սիրիահայերը ծայրագույն խուճապի մատնված չեն»