Մինասի տուն-թանգարանում այսօր ցուցահանդես չի կազմակերպվի
20/07/2012 18:30

Մինասի տուն-թանգարանում այսօր ցուցահանդես չի կազմակերպվի

«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»,- Մինաս Ավետիսյանի մասին ասել է աշխարհռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

Տաղանդավոր հայ նկարիչ Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին այս օրը Ջաջուռում: Մինասի Գեղարվեստական և էսթետիկական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին: 1968թ. արժանանցել է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչման:

 Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Դրանք յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն ևն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով: Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-67 թթ ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։

Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։

Մինասը իր որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի: 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով որմնանկարները կրում են մասնակի կորուստներ։ Փլուզվում կամ վթարային են դառնում այն շենքերը, որտեղ գտնվում են որմնանկարները։ Այժմ աշխատանքներ են տարվում նրա որմնանկարների վերանորոգման ուղղությամբ, իսկ «Թորոս Ռոսլին», «Հանդիպում (15 թվական)» և «Խաչքարի մոտ» որմնանկարներն արդեն վերանորոգվել են:

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը Մինաս Ավետիսյանի մասին ասել է, որ նա Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է երեք բալետ–նովել՝ «Տիկնիկների աշխարհում», «Իսպանուհին. բոլերո», «Նեգրական թաղամաս», նաև` Ա. Սպենդարյանի «Ալմաստ»-ը, Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը։

Մինասը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության` փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն: Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված:

Ջաջուռում այսօր գործում է Մինասի տուն-թանգարանը: Թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը Aysor.am-ին ասաց, որ  ամեն տարի այս օրը  ունեցել են որևէ միջոցառում, բայց այսօր չեն կազմակերպելու:

«Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում այսօր միջոցառում նախատեսված չէ, ամեն ցուցահանդեսի կազմակերպումը  հսկայական գումարների հետ է կապված, ամենահամեստ հաշվարկներով 1500-3000 դոլար, այդ գումարները մենք այսօր չունենք: Մինչ այժմ կազմակերպվել է 5 ցուցահանդես, այն ժամանակ բյուջե կար, հիմա չկա: Բազմիցս դիմել եմ մշակույթի նախարարություն, բայց ապարդյուն: Այս տարի մեր մոտ կներկայացվի միայն մշտական ցուցադրությունը, իսկ մյուս` հոբելյանական տարում մենք նախատեսում ենք ցուցահանդես կազմակերպել»,-ասաց նա:

Թանգարանի շենքը ընդամենը 5 տարեկան է, բայց տանիքը վերանորոգելու լուրջ կարիք կա, որը նախատեսվում է այս տարվա ընթացքում իրականցնել:

Տնօրենը նաև հավելեց, որ տարեկան Մինասի տուն-թանգարան այցելում է 1000 հոգի, ինչը նրա խոսքով, հսկայական թիվ է մարզերի համար:

Մինասի տուն-թանգարանում այսօր ցուցահանդես չի կազմակերպվի