.jpg)
Հայկական ռապսոդիա. սիրո դրսևորում ֆիլմի միջոցով
«Հայկական ռապսոդիա» ֆիլմի նկարահանումների համար Բրազիլիայից ժամանած սփյուռքահայ կինեմատոգրաֆիստները, երբ ժամանել են Հայաստան, հայերեն անգամ մեկ բառ չեն իմացել: Ֆիլմը նկարահանել են ավելի շատ զգացմունքերով, քան հատուկ սցենարով: Հետո, երբ արդեն մեկնել են Բրազիլիա, նրանց անհրաժեշտ է եղել 7 ամիս, որպեսզի կարողանան ընտրել ճիշտ կադրերը և պատրաստեն 63 րոպե տևողությամբ ֆիլմը, հայտնում են Նարեկացի արվեստի միությունից:
Ֆիլմի խորհրդատու Նորայր Շահինյանի խոսքերով իրենց բոլորի համար մեծ անակնկալ է եղել, երբ իմացել են, որ այն «Ոսկե ծիրան-9» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի անվանակարգում 1-ին տեղն է զբաղեցրել:
Նարեկացի արվեստի միությունում կազմակերպված կինոդիտման ժամանակ այս և այլ մանրամասներ ֆիլմի նկարահանման մասին պատմեց Նորայր Շահինյանը:
Թեև ֆիլմն արդեն ներկայացվել էր հայ հանդիսատեսի դատին փառատոնի շրջանականերում, սակայն դարձյալ մարդիկ կային, որ առաջին անգամ էին այն դիտում:
«Այստեղ գլխավոր դերասանները դեմքերն ու երաժշտությունն են: Դեմքերն են ամենակարևոր դերասանները: Մոնտաժը ևս կարևոր է, ազդեցությունը Փելեշյանի և Փառաջանովի նույնպես ակնհայտ է»,-պատմելով ֆիլմի մասին՝ ասաց Նորայրը:
Նրա խոսքերով ողջ ֆիլմի ընթացքում ընտրվել է նկարահանման 50 մմ հեռավորությունը՝ որպես իրականությունը լավագույնս փոխանցող տարածություն. «Շատ ժամանակ մարդը բան չի խոսում, սակայն հետաքրքրական է, թե ինչպես է մարդու դեմքը խոսում, դիմախաղով հաղորդակցվում»,-ասաց Նորայրը:
Ֆիլմն ավելի շուտ սեր է, կինոնկարողների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:
Ֆիլմում ըստ տրամադրության հնչում է և ամենատարբեր ոճի երաժշտություն՝ սկսած Կոմիտասից, վերջացրած Հախվերդյանով:
Ինչո՞ւ ռապսոդիա:
Ինչպես և նույնանուն երաժշտական ժանրում, այստեղ ևս ընդհանուր պատկերը հավաքված է առանձին պատառիկներով: Տարբեր կտորներ են՝ տարբեր հատվածներից բաղկացած, տարբեր տրամադրությամբ:
Ֆիլմի պրոդյուսերները, սցենարի հեղանակներն են Կասիանա Տեր-Հարությունյանը, Սեզար Կանանյանը, Գարի Կանանյանը, ռեժիսորը՝ Կասիանա Տեր-Հարությունյանը, Սեզար Կանանյանը: