Օսկանյանի դիտարկած տեղաշարժերը` արցախյան  ընտրություններում
20/07/2012 17:02

Օսկանյանի դիտարկած տեղաշարժերը` արցախյան ընտրություններում

Facebook սոցիալական ցանցի իր էջում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հերթական անգամ գրառում է կատարել ու թվարկել այն  տեղաշարժերը, որ նկատել է նախօրեին Արցախում կայացած նախագահական ընտրություններին հետևելիս:

«Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակի համար շնորհավորում եմ Բակո Սահակյանին: Շնորհավորում եմ Վիտալի Բալասանյանին ստացած ծանրակշիռ վստահության համար: Բնականաբար շնորհավորում եմ նաև Արցախի ժողովրդին: Անկախ առկա թերություններից՝ այս ընտրություններում երկու դրական տեղաշարժ արձանագրվեց:

Նախ, ընտրարշավում ժողովուրդն ունեցավ այլընտրանքային թեկնածու, որն ի ցույց դրեց իշխանության թերությունները, ներկայացրեց այլընտրանքային ծրագիր, ինչին հասարակության զգալի հատվածը հավանություն տվեց: Սա նշանակում է, որ արցախցիները կարողացան ջարդել այն կարծրատիպը, որ իբր թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում՝ բարձրաձայնելով մեր իսկ խնդիրների մասին (այս կարծրատիպը կա նաև Հայաստանում):

Երկրորդ, Վիտալի Բալասանյանը թեև հայտարարել է, որ ընտրությունները «ազատ էին, բայց ոչ արդար», սակայն իր ստացած քվեները համարել է լավ արդյունք՝ քաղաքական նոր կառույցի ստեղծման համար:

Իրոք, Արցախում լուրջ ընդդիմության առկայությունը էապես կարող է նպաստել պետության զարգացմանը և նրա միջազգային ճանաչմանը: Ժամանակն է, որ մենք բոլորս Հայաստանում և Արցախում գիտակցենք, որ ժողովրդավարության ամրագրումը շատ ավելի է նպաստում մեր անվտանգության և պաշտպանության ամրապնդմանը, քան պատերազմի սպառնալիքի շահարկումը և այդ համատեքստում մարդու իավունքների և ժողովրդավարական գործընթացների կաշկանդումը»,- գրել է Վ. Օսկանյանը: 

Օսկանյանի դիտարկած տեղաշարժերը` արցախյան ընտրություններում