Կապի և տեղեկատվության մասին տվյալները կհամապատասխանեցվեն
20/07/2012 18:25

Կապի և տեղեկատվության մասին տվյալները կհամապատասխանեցվեն

Օրերս ՀՀ կառավարությունը հաստատեց կապի և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը` ռեգիստրի վարումն իրականացնող լիազոր մարմին համարելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։
Ինչպե՞ս է վարվելու վիճակագրական ռեգիստրը և ի՞նչ նորամուծություն է սա:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալ Նորայր Ստեփանյանը «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին տեղեկացրել է. «Արդեն մոտ երկու տարի է՝ փորձում ենք հավաքագրել ոլորտային ցուցանիշները, որոնք օրինակ ցույց են տալիս, թե Հայաստանում համացանցից օգտվող քանի՞ բաժանորդ, համակարգիչ կամ ոլորտային աշխատակից կա, ինչպիսի՞ն է այդ քանակների տոկոսային հարաբերակցությունը, քանի՞ հեռախոսահամար կա երկրում և համանման շուրջ 200 ցուցանիշներ, որոնք պիտի հստակեցվեն, ամփոփվեն և դրա հիման վրա ձևավորվի այդ ոլորտում Հայաստանի միջազգային ինդեքսը և վարկանիշը»:

Բոլոր հավաքագրված տվյալները ներկայացվում են Հեռահաղորդակցության միջազգային միությանը և Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեին: Այդ գործընթացը իրականացվում է համապատասխան միջազգային պայմանագրերի շրջանակներում:

«Անցած տարի Հեռահաղորդակցության միջազգային միության կայքում ամրագրվեց, որ մենք զարգացվածության աստիճանով ոլորտում համարվում ենք 72-րդ երկիրը»,- նշել է Նորայր Ստեփանյանը , ավելացնելով, որ այդ աշխատանքներում տվյալներ տրամադրող հիմնական գործընկերներն են Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը, ՀՀ վիճակագրական պետական ծառայությունը, ՀՀ էկոնոմիկայի, առողջապահության և ԿԳ նախարարությունները:
Ըստ Նորայր Ստեփանյանի՝ այդ աշխատանքները կավարտվեն համաձայն ՀՀ կառավարության հաստատած կարգի` 2013թ. փետրվարի 20-ից մարտի 1-ը: Որոշ ցուցանիշներ Հայաստանում ամփոփվում են քիչ ավելի ուշ, դրանք, համաձայն կարգի, կամբողջացվեն և ավարտուն տեսքի կբերվեն 2013թ. հուլիսի 1-ին, հայտնում է գործակալությունը :