Հուլիսի 21-ին կհայտարարվեն Վ.Համբարձումյանի անվան մրցանակակիրները
20/07/2012 18:17

Հուլիսի 21-ին կհայտարարվեն Վ.Համբարձումյանի անվան մրցանակակիրները

Հուլիսի 21-ին կհայտարարվեն Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողների անունները, հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Մամուլի ասուլիսը, որին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ, Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի միջազգային հանձնաժողովի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը, տեղի կունենա հուլիսի 21-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ):

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ.: Այն աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից է: Մրցանակը հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար և կտրվի երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ-ից: Առաջին անգամ` 2010թ., մրցանակը շնորհվեց հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆեսոր Միշել Մայորին ու նրա գիտական խմբի երկու անդամներին` Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանին և Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն աշխատակից Նունո Սանտոսին:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2012թ. սեպտեմբերի 18-ին:
 

Հուլիսի 21-ին կհայտարարվեն Վ.Համբարձումյանի անվան մրցանակակիրները