Ս. Նարիշկինին. Մեզ համար շատ թանկ են ՀՀ-ի հետ հարաբերությունները
24/07/2012 17:00

Ս. Նարիշկինին. Մեզ համար շատ թանկ են ՀՀ-ի հետ հարաբերությունները

Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ճեպազրույցը կայացավ Ազգային Ժողովի կենտրոնական մուտքի անմիջապես դիմաց, աստիճանների վրա: Իսկ մինչ լրագրողների հետ հանդիպելը պաշտոնակիցները հանդիպում էին ունեցել, որի մանրանասներն էլ ներկայացվեցին հայ և ռուս լրատվամիջոցների ներկայացուցիչներրցերին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քննարկվել են տարբեր հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը` կրթական, գիտական և մի շարք այլ ոլորտներում: Առավել կարևորվել են նաև միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը՝ հատկապես միջազգային խորհրդարանական հարթակներում: Արձանագրվել է նաև համագործակցության արդյունավետությունը ՀԱՊԿ շրջանակում.

«Հաշվի առնելով երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը ու հարաբերությունների խորացումը, մենք դիտարկում ենք հնարավորություն` ՀՀ ԱԺ-ում և ՌԴ Պետդումայում ստեղծելու երկու խորհրդարանների ներկայացուցիչների ինստիտուտ, ինչը միտված կլինի հարաբերությունների ավելի ամրապնդմանը»,- նշեց Հ. Աբրահամյանն ու խոսքը փոխանցեց Սերգեյ Նարիշկինին:

Նարիշկինը նախևառաջ ընդգծեց, որ իր ներկայիս պաշտոնում առաջին անգամ է այցելում Հայաստան և շատ շնորհակալ է այն հյուրընկալության համար, որին արժանացել է Հայաստանի խորհրդարանի նախագահի կողմից: Նշելով, որ հանդիպման մանրամասները գրեթե ամբողջությամբ ներկայացվեցին Հ.Աբրահամյանի կողմից և իրեն գրեթե ասելիք չի մնացել` Ս.Նարիշկինն ընդգծեց. «Մեզ համար շատ թանկ են Հայաստանի հետ հարաբերությունները, և շատ ողջունելի է, որ երկկողմ հարաբերությունները առաջընթացի դինամիկա ունեն»:

Պետդումայի խոսնակը նշեց նաև, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր ևս:

Ս.Նարիշկինը նաև գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում գնալով ավելանում է ռուսալեզու մասնագետների թիվը, ինչը ևս նպաստում է երկու երկրների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:
 

Ս. Նարիշկինին. Մեզ համար շատ թանկ են ՀՀ-ի հետ հարաբերությունները