2012-ի առաջին կիսամյակում լրագրողները քիչ են «զրպարտել»
24/07/2012 12:32

2012-ի առաջին կիսամյակում լրագրողները քիչ են «զրպարտել»

«Այս տարվա առաջին կիսամյակում զրպարտության հոդվածով հարուցվել է 6 գործ, իսկ ընդհանուր առմամբ այս եռամսյակի ընթացքում դատական գործերը զրպարտության հոդվածով նվազել են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին 2012թ.-ի 2-րդ եռամսյակի զեկույցը, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց, որ այս խորհրդարանական ընտրություններին լրագրողները կարողացան աշխատել առանց որևէ խոչընդոտների և խնդիրների:

Ըստ Մելիքյանի, այս տարվա երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնության 3 դեպք է գրանցվել` «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության և «Մաքսինֆո»-ի լրագրողի նկատմամբ:

Աշոտ Մելիքյանը վերջին շրջանի իրադարձություններից առանձնացրեց ՀՀ նախագահին հղված նամակը՝ կապված սերիալների հակասոցիալական բնույթի հետ. «Հասարակական կազմակերպությունները կարծում են, որ հեռուստադաշտը կարող է կարգավորվել իշխանությունների միջոցով, և մեր կոմիտեն նույնպես մտահոգված է եթերում ցուցադրվող նյութերով: Մենք դեմ ենք գրաքննությանը հեռուստաեթերում: Պետք է հեռուստադաշտում ապահովել ազատությունը, մրցունակությունը և հեռուստաեթերը պետք է ինքնակարգավորվի՝ պահպանելով էթիկայի կանոնները և օրենքները»:
:
 

2012-ի առաջին կիսամյակում լրագրողները քիչ են «զրպարտել»