.jpg)
Գյումրու քաղաքապետի ընտրության շուրջ. իրավիճա՞կ, թե՞ ԶԼՄ-ներ
ՏԻՄ ընտրությունները նորմալ քաղաքական գործընթացներ են և որևէ արտակարգ կամ անհավանական դրույթներ իրենց մեջ չեն պարունակում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Կարծում եմ, որ ամեն ինչ նման կերպ կընթանա նաև Գյումրիում. պետք չէ շտապել, ենթադրություներ անել, մանավանդ որ` քաղաքապետների թեկնածուներ դեռ չեն առաջադրվել», - նկատեց պատգամավորը:
Քաղաքապետի ընտրություններում, Մ. Եսայանի խոսքերով, եթե գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր թեկնածությունը չառաջադրի, ապա «դրա մեջ ողբերգություն կամ սենսացիա փնտրել պետք չէ»:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, Գյումրիի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր թեկնածությունը չի առաջադրելու, իսկ ԲՀԿ-ն արդեն առաջադրել է Սամվել Բալասանյանին:
Ասուլիսին մասնակից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով` Գյումրիի քաղաքապետի ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի լուրջ է և վտանգավոր, քան ներկայացվում է:
«Հասարակության և մամուլում շրջանառվող լուրերը սովորական երևույթ են Հայաստանի հանրության համար: Եթե մամուլը գրում է, որ Վարդան Ղուկասյանը Մոսկվայում ցանկանում է Պուտինի միջոցով «դաբրո» ստանալ, ինչի՞ մասին է խոսքը, այսօր քաղաքապետը «դաբրո» կստանա, վաղը՝ գյուղապետը, մյուս օրը՝ կուլտուրայի վարիչը, վերջում կստացվի, որ ամեն ինչ «Մոսկվան» է որոշում»,- զարգացրեց Ա. Սեդրակյանը:
Նրա գնահատմամբ` իշխանությունն այնքան է եղել բաժանումների, պայմանավորվածությունների և տարբեր նման գաղտնի գործարքների սֆերա, որ «հենց հիմա փորձում են գաղտնի գործարքի միջից գոնե մի քիչ դուրս գալ` բնականոն ընտրական գործընթացի, պայթում է օրենսդրական մթնոլորտը չընդունելու` հայկական գավառական մտածելակերպը»:
Ինչին ի պատասխան լրագրող և ներկայիս պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, թե շատ անգամ ոչ ճիշտ տեղեկատվություն են տարածում հենց որոշ լրատվամիջոցներ. «Այն, ինչ գրում են լրատվամիջոցները, լրագրողները, կամ այն, ինչ հորինում և ստեղծագործում են, ամենևին չի նշանակում, որ իրականության հետ որևէ աղերս ունի»: