ՊԵԿ-ը  հարկային ստուգումները կասեցրել է «Սիվիլիթաս»-ում
24/07/2012 18:40

ՊԵԿ-ը հարկային ստուգումները կասեցրել է «Սիվիլիթաս»-ում

 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով «Սիվիլիթաս» հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով: 

Սիվիլիթաս հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնադրամի  տնօրեն Սալբի Ղազարյանը վերահաստատել է իր այն համոզմունքը, որ ՊԵԿ ներկայացուցիչների ստուգումների ձգձգումը փաստում է, որ գործը հարուցվել է քաղաքական նպատակներով, և այլ պատճառ փնտրելն անիմաստ է:

Օգոստոսի 18-ին, ժամը 10:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դռնփակ նիստում կքննվի Սիվիլիթաս հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Հուլիսի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, մերժել էր Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի նույնաբովանդակ բողոքը՝ առանց լուրջ հիմնավորումների:

ՊԵԿ-ը հարկային ստուգումները կասեցրել է «Սիվիլիթաս»-ում