.jpg)
«Մաքուր պահե՛նք մեր հողն ու ջուրը». միջոցառում` Լոռու մարզում
«Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական ՀԿ-ի և «Թեղուտ» ՓԲ ընկերության համատեղ նախաձեռնությամբ նախօրեին տեղի է ունեցել «Մաքուր պահե՛նք մեր հողն ու ջուրը» խորագրով միջոցառումը: Միջոցառմանը կազմակերպական աջակցություն են ցուցաբերել ՀՀ Լոռու մարզի Թեղուտ ու Շնող համայնքների գյուղապետարանները և ֆինանսական օժանդակություն՝ «Մանես» բարեգործական հիմնադրամը:
Կազմակերպությունից փոխանցում են, որ միջոցառման անմիջական նպատակը Շնող գետի գետափնյա և մերձակա տարածքների մաքրումը, մերձակա հուշաղբյուրների և հանգստի ու ժամանցի վայրերի մաքրումն ու բարեկարգումն է, հեռահար նպատակը՝ այդ տարածքների զբոսաշրջային գրավչությունն ավելացնելը և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանն առարկայորեն նպաստելը: Միջոցառմանը մասնակցել են ինչպես «Պաշտպանենք Թեղուտը» ՀԿ անդամներ և համակիրներ, այնպես էլ՝ «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատողներ, Շնողի դպրոցի աշակերտներ և մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, «Թեղուտը սերունդների համար» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և միջոցառման հաջողությամբ շահագրգիռ այլ անձինք:
Միջոցառման մասնակիցները, ըստ աղբյուրի, բաժանվել են մի քանի խմբերի, որոնք տեղաբաշխվել են Շնող գետի գետափնյա տարբեր հատվածներում: Միջոցառման ավարտին արդյունքների նախնական ամփոփման նպատակով մասնակիցները հավաքվել են Հայրենական մեծ պատերազմում զոհված Մաժինյան եղբայրների հիշատակին կառուցված հուշաղբյուրի տարածքում, որտեղ «Պաշտպանենք Թեղուտը» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Մանես» բարեգործական հիմնադրամի ու «Թեղուտ» ՓԲԸ աջակցությամբ այժմ իրականացվում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ:
Արձանագրելով միջոցառման բարեհաջող և արդյունավետ ելքը՝ մասնակիցներն ու կազմակերպիչները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել այդպիսի միջոցառումներ իրականացնել պարբերաբար՝ անընդհատ բարձրացնելով տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունն ու համայնքներում ձևավորելով շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի նոր մշակույթ: