.jpg)
Թատրոնն այլևս դերակատարում չունի հասարակական կյանքում
Հայկական թատրոնն այսօր չունի դերակատարություն հասարակական կյանքում, չունի իր դեմքը և դիրքորոշումը քաղաքացիներին հուզող որևէ երևույթի նկատմամբ: Նման տեսակետ հայտնեց ասուլիսի ժամանակ թատերագետ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանը:
Թատրոնը և հայ մտավորականությունը, Խզմալյանի խոսքերով, պետք է իրենց դիրքորոշումն արտահայտեն ոչ թե ըստ իներցիայի, այլ` ժամանակին և հստակ. «Այսօր թատրոնն էլ չի կատարում իր առաքելությունը: Ինչո՞վ են զբաղված մեր թատրոնների ղեկավարները. մրցանակների բախշում, պարգևներ և այլն, թեև ես բոլորին նկատի չունեմ: Հենց թատրոնն էլ այն վայրն է, որտեղից պետք է սկսվեր ամեն ինչ»:
Խոսելով քաղաքացիական հասարակության և նրա դերակատարման մասին` Ա. Խզմալյանը գոհունակությամբ նկատեց, որ վերջին շրջանում քաղհասարակության դրսևորած ակտիվությունը նոր բնույթ է հաղորդում և խափանում Հայաստանում մտքերի ճահճացումը:
Մինույն ժամանակ արվեստագետը հույս հայտնեց, որ այդ ակտիվությունը չի վերակերպվի քաղաքականի: «Չեմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ քաղաքացիական հասարակության առաջ բերած բողոքի զանգվածներին միանում են քաղաքական ընդդիմադիր դաշտից, և փորձում են և քաղաքացիական ակտիվության ձեռք բերած արդյունքներով քաղաքական միավորներ շահել», - ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ «Հարսնաքարի» մոտ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հասարակության արձագանքին, Ա. Խզմալյանը նկատեց, որ այդ ակտիվությունը սպասելի էր, քանի որ հանրությունը չէր կարող այլևս հանդուրժել պաշտոնական կամ այլ դիրքի չարաշահումը. «Նման ընդվզումը սթափեցրեց նաև երկրի կապիտալին տիրապետող մարդկանց, որ ավելի զգույշ լինեն իրենց գործունեության մեջ»: