Թեժ պայքար` Ադրբեջանի վարչապետի պաշտոնի համար
26/07/2012 19:09

Թեժ պայքար` Ադրբեջանի վարչապետի պաշտոնի համար

 Ադրբեջանի 77-ամյա վարչապետ Արթուր Ռասիզադեի առողջական վատ վիճակի մասին և բուժման համար արտասահման մեկնելու վերաբերյալ տեղեկության հրապարակումից հետո Բաքվում թեժացել է այդ պաշտոնի համար մղվող պայքարը:

Haggin.az-ը հավաստի տեղեկություններով՝ երկար ժամանակ շաքարախտով տառապող Ադրբեջանի վարչապետի մի աչքն ամբողջությամբ կուրացել է, իսկ մյուս աչքի տեսողությունը 40 տոկոս է: Արտասահմանում վիրահատվելուց հետո, Ռասիազադեն երկարատև վերականգնողական կուրս է անցնելու Ղրիմում:

Modern.az-ը պարզել է, որ 2012 թ-ի հուլիսի 6-ից ի վեր Ադրբեջանի նախարարների պալատի որոշումները ստորագրել է վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը: Պաշտոնապես հայտարարվել է, որ Ռասիզադեն գտնվում է արձակուրդում:

«Ազադլիգ»-ին հասած տեղեկություններով` Ռասիզադեի առողջական խնդիրների պատճառով վարչապետի պաշտոնի համար երկար ժամանակ պայքարող ներիշխանական ուժերը կրկին ակտիվացել են: Իշխանության միջանցքներում խոսում են, որ բուժումից վերադառնալուց հետո Ռասիզադեն կարող է հրաժարական տալ: Ամենավթարագույն դեպքում` ներկայիս վիճակը կարող է պահպանվել մինչև 2013 թվականին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններ:

Իշխանության ներսում վարչապետի պաշտոնի համար պայքար մղողները օլիգարխ-չինովնիկներն են: Այդ պաշտոնի համար շրջանառվում են տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի, խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի անունները: Սակայն, ներկա դրությամբ այդ անձանցից որևէ մեկին վարչապետ նշանակելը կարող է խախտել իշխանության մեջ առկա հավասարակշռությունը, որովհետև հիշյալ անձինք մրցակից խմբավորումներ են ներկայացնում: Ըստ թերթի, դա պատճառով է, որ Ռասիզադեն մինչ այժմ անձեռնմխելի է եղել:

Թերթը նաև գրում է, որ 16 տարի վարչապետ աշխատած Արթուր Ռասիզադեն մի քանի անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհուրդ չի տվել նրան թողնել պաշտոնը: 2003 թվականին Ռասիզադեն կարճ ժամանակով վարչապետի պաշտոնը զիջել է Իլհամ Ալիևին` վերջինիս նախագահ ընտրվելու համար: 2003-ին Ալիևի` Ադրբեջանի նախագահ ընտրվելուց հետո Ռասիզադեն կրկին վերադարձել է վարչապետի պաշտոնին:

Թեժ պայքար` Ադրբեջանի վարչապետի պաշտոնի համար