Գյուղացին ցորեն ստանա-չստանա` պետք է պետությանը վճարի
26/07/2012 17:40

Գյուղացին ցորեն ստանա-չստանա` պետք է պետությանը վճարի

Թեև այս տարի գյուղոլորտի տարբեր ճյուղեր աճ են արձանագրել, այնուամենայնիվ հացահատիկային կուլտուրաների ոլորտը հետ է մնում: Չժխտելով այն, որ հացահատիկային կուլտուրաների ոլորտում այս տարի կան որոշակի դժվարություններ, այն է` 1 հա-ի կտվածքով բերքի նվազում է նկատվում, այնուամենայնիվ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այս տարի հացահատիկի ծավալների աճ կանխատեսեց 4-5 տոկոսի չափով, քանի որ նախարարի մատուցմամբ այս տարի ավելի շատ հացահատիկ է ցանվել, քան նախորդ տարի` 22 հազար հա հացահատիկային կուլտուրաներ, իսկ ցանքատարածությունները աճել են 25 հազար հա-ով:

Նշենք, որ ցանքատարածությունների ավելացմանը մեծապես նպաստել է Էլիտային յոթ տեսակի սերմացուների ներկրումը, որը իրականացվեց «Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում:

Սերգո Կարապետյանը նշեց նաև, որ ցորենի ցանքատարածությունների ուսումնասիրման համար ստեղծվել է անկախ հանձնաժողով, որտեղ ընդգրկվել էին ագրարային համալսարանի մասնագետներ, և, ըստ նախարարի, ուսումնասիրությունները ցույց են տվել` դարձյալ ու կրկին եղանակային պայմանները. ուշ ցանքս, ուշ թփակալում, ցրտահարություն, ձնածածկույթի բացակայություն և մի շարք հարակից խնդիրներ` կապված եղանակի հետ:

Aysor.am-ի դիտարկմանը, թե ի՞նչ է լինելու այն գյուղացիական տնտեսությունների հետ, որոնք էլիտային ցորենի դաշտերից բերք չեն հավաքելու, նախարարը նշեց, որ ծրագրով ֆորսմաժոր նախատեսված չէ, ասել կուզի ցորենի բերք ունենան, թե չունենան պետք է գյուղացիները աշնան ստացած ցորենի սերմացուի դիմաց վճարեն, սակայն եթե գյուղացիական տնտեսությունները եկամուտներ չունենան, մարզպետարանները պետք է անհատական մոտեցումներով խնդիր լուծեն. «Թող մարզպետարանները որոշեն, քանի որ համապատասխան պայմանագրերը մարզպետարնների հետ են»:

Նշենք, որ Արարատի, Արմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերից էլիտար ցորենի բերքից ահազանգեր կային, ըստ որոնց ցորենը կաճացողուն է, հասկը կարճ, հասկի վրա հատիկները քիչ, և կարճացողունության պատճառով չեն կարող քաղել և այլն:

Ընդունելով հանդերձ խնդիրները, իհարկե ամեն ինչ բացատարելով եղանակային վատ պայմաններով, մնացածն էլ լրացնելով գարնանային վատ պայմաններով` գյուղնախարարը մեղքի մնացած մասը բարդեց գյուղացիական տնտեսություն վարողների վրա, որոնք ժամանակին ցորենը չեն ցանել և այլն:

Արարատի մարզում Հովհաննեսը անցյալ տարի աշնանը ցանել է երկու տեսակի ցորեն, մեկը առաջին վերարտադրության սերմացուն, որը տրամարդել է գյուղապատարանը, մյուսը իր ավանդական ցորենի սերմացուն, որը ամեն տարի ցանում է: Ցանել է նույն ժամանակ, ջրել է նույն ժամանակ, պարարտացրել է նույն ժամանակ, սակայն էլիտային ցորնեի բերքից դժգոհ է. հավաքել է գրեթե այնքան, որքնա ցանել է, իսկ ավանդական ցորենի բերքը ինչպես միշտ հողագործին ձեռնունայն չի թողել. հետևություն եղանակը վատ է ազդում միայն էլիտային ցորենի վրա:

Նույն մարզում, Զավենն այս տարի ընդհանրապես իր 4 հազար մետր էլիտային ցորենը որոշել է չհնձել, քանի որ անարդյունավետ է, հավաքած բերքն անգամ հավաքելու, տուն բերելու ծախսերը չի ծածկի, բայց պետք է 150 կգ-ի դիմաց վերադարձնի 24 հազար դրամ:

Հարկ է հիշեցնել նաև, որ անգամ նախարարության աշխատակիցները մեկ կգ-ն 160 դրամով գյուղացիական տնտեսություններից ցորենի բերքը վերցնելը բարձր գին էին համարում, սակայն փաստ է այն, որ մեկ կգ-ն 160 դրամով պետք է հետ վերադրաձնել այն դեպքում, երբ ցորենի մեկ կգ-ի արժեքը շուկայում տատանվում է 100-120 դրամի շրջանակներում:

Պատմում էին, որ երկրորդ հայրենական պատերազմի տարիներին, եթե գյուղացին մեկ այծ էր պահում, ապա պետք է պետությանը մեկ կգ այծի մազ հանձներ, այն դեպքում, երբ մեկ այծը կարող է առավելագույնը ունենար կես կգ մազ: Յուրաքանչյուր նորը, վատ մոռացված հինն է:

 Նախորդիվ` Սերգո Կարապետյանը այցելել է Վայոց Ջորի մարզ

Գյուղացին ցորեն ստանա-չստանա` պետք է պետությանը վճարի