Սերժ Սարգսյան. «Զինվենք համբերությամբ` հաղթանակների ակնկալիքով»
26/07/2012 11:44

Սերժ Սարգսյան. «Զինվենք համբերությամբ` հաղթանակների ակնկալիքով»

ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը հայաստանցի այն մարզիկներին, ովքեր մասնակցելու են Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Սիրելի մարզիկներ և մարզիչներ,

Հայաստանը հերթական անգամ իր պատվիրակությամբ ներկայանում է համաշխարհային գլխավոր մարզահանդեսին ` ամառային օլիմպիական խաղերին:

Համոզված եմ, որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսևորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը:

Անշուշտ, գիտակցում եք, որ ձեր մրցելույթներին ուշադրությամբ հետևելու են Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցները: Հավատում եմ , որ կարդարացնեք սպասելիքները, նոր նվաճումներով կհարստացնեք օլիմպիական խաղերի հայաստանցի չեմպիոնների և մրցանակակիրների շարքը և ձեր արժանի տեղը կգտնեք հայրենական սպորտի պատմագրքում:

Անձամբ եմ հետևելու «Լոնդոն-2012»-ի ընթացքին, լինելու եմ հայ մարզիկների ջերմեռանդ երկրպագուներից մեկը: Ավելին` ցանկանում եմ լինել ձեր հաղթանակների ականատեսը, որպեսզի միասին ապրենք հաջողությունների բերկրանքը:

Զինվենք համբերությամբ` հաղթանակների ակնկալիքով:

Ձեզ բարի ճանապարհ և հաղթական վերադարձ»:

Սերժ Սարգսյան. «Զինվենք համբերությամբ` հաղթանակների ակնկալիքով»