Սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան կշարունակվի
26/07/2012 12:26

Սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան կշարունակվի

«ՀՀ-ի ջանքերը՝ թե’ պետական, թե’ հասարակական կազմակերպությունների առումով, սիրիահայերի նկատմամբ ես անձամբ դրական եմ գնահատում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սիրիահայերի առաջ ծառացած խնդիրներին` ասաց սիրիահայ գրող, բանաստեղծ Տիգրան Գաբոյանը:

Տիգրան Գաբոյանը Հայաստան է ժամանել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և ցանկանում է այստեղ բիզնես գործունեություն ծավալել:

Գաբոյանն ասաց, որ Սիրիայի ներսում տիրող իրավիճակը անորոշ է, և չցանկացավ պատասխանել քաղաքական հարցերի, քանի որ հայությունն այնտեղ աշխատում է չեզոքություն պահպանել:

Մասնագիտությամբ դեղագործ, սիրիահայ Կառլոս Գասպարյանն էլ ասաց, որ իրենց օդանավակայանում դիմավորել են Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները և տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերվել: Ասաց, որ ցանկանում է մնալ ՀՀ-ում և այժմ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Մեկ այլ սիրիահայ` Վազգեն Մեսրոպյանը, նշեց, որ սիրիահայերն այստեղ ունենում են վիզայի հետ խնդիրներ և ինքը կոչ է անում հեշտացնել վիզա ստանալու գործընթացը` ՀՀ ժամանելիս:

«Ավելի լավ կլիներ, որ ՀՀ քաղաքացիություն, գոնե սփյուռքահայերի, սիրիահայերի համար, ստանալու գործընթացն իր լուծումը ստանար ավելի կարճ ժամանակահատվածում, հիմա մենք քաղաքացիություն ենք ստանում 6 ամսվա ընթացքում»,- ասում է Վազգեն Մեսրոպյանը:

Անդրադատռնալով Սիրիայի ներսում տիրող իրավիճակին` նշեցին, որ սիրիահայերը աշխատում են այդ քաղաքական հարցերում պահպանել չեզոքություն և չեն խառնվում ներսիրիական գործերին:

Մեսրոպյանն ասում է, որ սիրիահայերը Սիրիայում ապահով են, սակայն ընդհանուր առմամբ ժողովուրդը ապրում է վախի մթնոլորտում` կապված այնտեղ տեղի ունեցող պայթյունների, ահաբեկչությունների և մարդկանց առևանգումների հետ:

Հալեպում այժմ իրավիճակը նույնպես լարված է, իսկ Հալեպը Սիրիայի ամենահայաշատ քաղաքներից է, և բանախոսները կանխատեսեցին, որ սիրիահայերի հոսքը դեպի ՀՀ կշարունակվի:
 

Սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան կշարունակվի