Արծվաշենը մաքուր հայկական հող է. այնտեղ մեկ օր ադրբեջանցի չի քնել
03/08/2012 11:34

Արծվաշենը մաքուր հայկական հող է. այնտեղ մեկ օր ադրբեջանցի չի քնել

«Արծվաշենն ընկավ 1992թ.-ին. Արծվաշենը հայկական անկլավ էր` շրջապատված 40.000 ադրբեջանցիներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման-ժամանակ անդրադառնալով Արծվաշենի անկման 20-ամյակին ասաց Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը: Արծվաշենն այսօր նույնպես իրավաբանորեն պատկանում է Հայաստանին, սակայն օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Մ. Խեչոյանը ասաց, որ Արծվաշենը պաշտպանելու համար պետք էր 11.000 զինվոր, սակայն այդ ժամանակ ընթանում էր ղարաբաղյան պատերազմը և այդքան ուժեր հայկական կողմը չէր կարող հատկացնել Արծվաշենի պաշտպանության համար, բոլոր ուժերը կենտրոնացած էին Ղարաբաղում:

Խեչոյանն ասում է, արծվաշենցիները աշխատասեր ժողովուրդ են և պետության աջակցությամբ նրանք կարողացել են ստեղծել բավականին բարեկեցիկ կյանք: Արծվաշենցիները բնակվում են ադրբեջանական սահմանից 3 կմ հեռավորության վրա. նրանք պատրաստվում են վերադառնալ Արծվաշեն: Բանախոսը հավելեց, որ արծվաշենցիների 80%-ը կենտրոնացած են ՀՀ-ում, մի փոքր մասը ՌԴ-ում:

Օգոստոսի 8-ին միջոցառում են իրականացնելու Ճամբարակ քաղաքում՝ այնտեղ հուշարձան է կառուցվել արծվաշենցիների կողմից և Խեչոյանը բոլորին այդ օրը հրավիրեց Ճամբարակ:

Բանախոսը ասաց, որ Արծվաշենը մաքուր հայկական հող է՝այնտեղ մեկ օր ադրբեջանցի չի քնել:

Անդրադառնալով արծվաշենցիների իրավական կարգավիճակին ասաց, արծվաշենցիները համարվում են ներքին տեղահանված և ի տարբերություն Սումգայիթի, Բաքվի հայությանը չունեն փախստականի կարգավիճակ:

Խեչոյանը ասաց, որ այժմ արծվաշենցիները ունեն բնակարանային խնդիրներ՝ մեծ մասը տեղավորվել են Ճամբարակում նախկինում բնակվող մալականների փայտյա տներում և ադրբեջանցիների տներում:

Իր հերթին, պատմաբան Յուրա Ղուլյանը անդրադառնալով Արծվաշենի անկմանը նշեց, որ Արծվաշենը հաղթանակած պատերազմի միակ պարտությունն էր և 150 տարվա գյուղը միշտ եղել է հայկական:
Նա նշեց, որ Արծվաշենը հիմնադրվել է 1854թ.-ին՝ Շամշադինից տեղափոխված հայերի կողմից և այնտեղ կան բազմաթիվ հայկական հուշարձաններ:

«Արծվաշենից դուրս են եկել բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, մշակույթի գործիչներ, արվեստագետներ, այդ թվում Արամայիս Սահակյանը»,-նշեց Ղուլյանը:

Պատմաբանը ասաց, որ Արծվաշենում խորհրդային տարիներին 4 արդյունաբերական ձեռնարկություն էր գործում՝ հայկակական իշխանությունները հասկանում էին գյուղի ռազմավարական նշանակությունը: