.jpg)
ՆՓԱԿ հիմնադիր. Այո, մենք աղանդ ենք
Այս տարի լրանում է Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) հիմնադրման 20-ամյակը: Այդ առթիվ այսօր ՆՓԱԿ-ում բացվեց «Ուղտասարից մինչև մեր օրերը» խորագրով ցուցահանդես` նվիրված ՆՓԱԿ-ի 20-ամյակին: ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանի խոսքով, այն անդրադառնում է անցումային շրջանի արվեստին, մասնավորապես ԽՍՀՄ փլուզմանը և ՀՀ անկախությանը, ինչպես նաև ներկայացնում է ՆՓԱԿ-ի երևույթը արվեստի մեջ:
«Ցուցահանդեսի խորհուրդն այն է, որ ոչինչ անկախ չէ մշակույթի ասպարեզում միջավայրից և պատմությունից Հայաստանում 1960-ականներից սկսեցին երևան գալ արևմտյան ժամանակակից արվեստի զանազան ոճերով ստեղծված աշխատանքների ցուցահանդեսներ, և այդ զարգացումների տրամաբանական արդյունքն էին Ժամանակակից արվեստի թանգարանը, «Սև քառակուսի», «Երրորդ հարկ», «ԱԿՏ» խմբավորումները, ապա ՆՓԱԿ-ը, որը նրանց տրամաբանական շարունակությունն էր: ՆՓԱԿ-ի ստեղծմանը զուգընթաց հայ հասարակության մեջ հետաքրքրություն առաջացավ արվեստի այս տեսակի նկատմամբ, ավելացավ մեր հետևորդների թիվը»,-նշեց Է. Պալասանյանը:
Aysor.am թղթակցի հարցին` ՆՓԱԿ-ը ստեղծման ժամանակ իր առջև դրված խնդիրները ինչ չափով է կարողացել լուծել, և ինչերի է հասել 20 տարիների ընթացքում, Է. Պալասանյանը նշեց, որ շատերը այսօր չգիտեն ՆՓԱԿ հապավումը ինչ է նշանակում, կամ ինչքան է այս կենտրոնը գործել, բայց գիտեն, որ ՆՓԱԿ կա: «Ժամանակակից արվեստը չի կարող միահամուռ ճանաչվել և գնահատվել, բայց մենք ցանկանում ենք ներկայացնել, որ այդպես էլ կարելի է: ՆՓԱԿ-ը հաջողել է այն առումով, որ կարողացել ցույց տալ այս արվեստը»,-ասաց նա:
Ցուցահանդեսում ներկայացված էին կենտրոնի պատմությունը արտացոլող լուսանկաներ, վիդեոնյութեր:
Վավերագրական նյութերին զուգահեռ, կլինեն այլ ցուցադրություններ. հրավիրել են 10-12 արվեստագետի` Արևիկ Արևշատյան, Սամվել Բաղդասարյան, Արման Գրիգորյան, Ռուբեն Գրիգորյան, Սարգիս Համալբաշյան, Համլետ Հովսեփյան, Հովհաննես Մարգարյան, Կարինե Մացակյան, Ալեքսանդր Գրիգորյան, Սոնիա Պալասանյան, որոնք բերել են ինստալացիաներ: Ընդ որում, ներկայացված են հնարավորության դեպքում տարիներ առաջ ներկայացրած իրենց գործերը, կամ էլ գործեր` նույն շնչով:
Մեր թղթակցի հարցին, իսկ ինչպես են վերաբերվում քննադատությանը, հատկապես որ ՆՓԱԿ-ին տարիներ առաջ մեղադրում էին տարբեր աղանդավորական կառույցների հետ համագործակցության մեջ, նա երկրորդեց.
«Մեզ հրապարակավ մեղադրել են, որպես մոլախոտեր, ամերիկյան կոսմոպոլիտներ, որոնք եկել են հայկական մշակույթը աղաղավելու: Եթե նորի ձգտումը, ազատությունը աղանդ է, ուրեմն` այո, մենք աղանդ ենք: Ազնիվ պետք է լինել և հանդգնել արտահայտել զգացմունքները, սա է իմ խորհուրդը բոլոր արվեստագետներին: Եթե ոչ մի նման խոսակցություն չլիներ, ուրեմն մենք ինչ-որ բան սխալ էինք անում, որովհետև քննադատությունը նորարության բնույթն է»,-ասաց նա:
Է. Պալասանյանի խոսքով, սեպտեմբերին կբացվի նաև կենտրոնի համահիմնադիր Սոնիա Պալասանյանի համադրած «9+20» ցուցահանդեսը, որը ծառայեց որպես ելակետային հարթակ` հաջորդ տարիներին կազմակերպված մի շարք նախագծերի, որոնք էլ հանգեցրին ՆՓԱԿ ստեղծմանը: Այս ցուցահանդեսում ևս կներկայացնի այսօրվա ժամանակակից արվեստը: