ՀՀ քաղաքացին երիկամ է վաճառել
03/08/2012 17:20

ՀՀ քաղաքացին երիկամ է վաճառել

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել մարդկանց շահագործելու, այն է` օրգաններ` երիկամ, վերցնելու համար Ս. Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատեւ ազատազրկման:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` քաղաքացի Ս. Հովսեփյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել` արտերկրում բնակվող, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի և Բագդանի հետ` մարդկանց շահագործելու, այն է` օրգաններ` երիկամ, վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելու, նրանց տեղափոխումը կազմակերպելու և յուրաքանչյուր անձի դիմաց 2 հազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն ստանալու վերաբերյալ:

Այդ նպատակով Ս. Հովսեփյանը այցելել է հայաստանյան բուժհաստատություններ և համացանցում տեղադրել հայտարարություններ: Մարդկանց վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով Ս. Հովսեփյանը հավաքագրել է թվով 6 անձանց, հոգացել նրանց բժշկական հետազոտության, տեղափոխման ծախսերը և երիկամի դիմաց խոստացել 10 հազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն: Արդյունքում` նրան հաջողվել է հիշյալ 6 անձանցից 4-ին տեղափոխումը Շրի Լանկայի Հանրապետություն, որոնցից 3-ն այնտեղ ենթարկվել են վիրահատության և վերցվել է նրանց երիկամը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012թ. հուլիսի 31-ի դատավճռով Ս. Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման` գույքի բռնագրավմամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
 

ՀՀ քաղաքացին երիկամ է վաճառել