Գ. Չուգասզյան. Հերթական ծածկադմբոցն է արվում
03/08/2012 13:35

Գ. Չուգասզյան. Հերթական ծածկադմբոցն է արվում

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամներ Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցած բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Դավիթ Սանասարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում իրենց նկատառումները ներկայացրին Հարսնաքարում տեղի ունեցած ողբերգական դեպքի քննության առնչությամբ։

Գարեգին Չուգասզյանը նշեց, որ չարաբաստիկ դեպքից հետո մեկուկես ամիս է անցել արդեն, սակայն տուժող կողմի փաստաբաններին միայն երեկ է թույլ տրվել ծանոթանալ գործի նյութերին, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, ինչը ցույց է տալիս այն, որ գործը միտումնավոր ձգձգվում է։ Բացի այդ գործի վարույթը հանձնարարված է մարտի 1-ի գործով քննիչ Վահագն Գրիգորյանին, ինչը Գ. Չուգասզյանի խոսքով՝ արդեն իսկ ցույց է տալիս, որ հերթական ծածկադմբոցն է արվում և մեղավորները չեն պատժվելու։

«Սակայն քաղաքացիական նոր հասարակությունը թույլ չի տալու այդ մեթոդների կիրառումը, ինչի ապացույցն են բազմաթիվ բողոքի երթերը, պիկետները... ինչը չի դադարելու, և ձգձգումը ավելի է թեժացնելու պայքարը։ Մենք վերահաստատում ենք մեր նպատակը, որ Ռուբեն Հայրապետյանը հասարակական պատասխանատվության է կանչվելու»,- ընդգծեց Գարեգին Չուգասզյան։

Հրանուշ Խառատյանը խոսեց այն մասին, որ մարդիկ ընդվզում են նման երևույթների դեմ, սակայն դրան զուգահեռ կան մարդիկ, հիմնականում քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ, որ տեղի ունեցածին այլ երանգավորումներ են տալիս՝ սովորական ու ընդունելի համարելով տեղի ունեցածը, ինչն ընդունելի է։

«Շատ խոցելի ենք, որ մեր հասարակությունն այսքան բևեռացված է։ Պետք է շատ լուրջ քննարկել մեր արժեհամակարգի խնդիրները։ Մենք հասել ենք անուղեղ սպանության մակարդակի։ Պետք է հասնենք այս երևույթի խորքին և բոլոր միջոցներով պայքարենք, որպեսզի նման երևույթներն արմատախիլ արվեն»,- նշեց, Հ. Խառատյանը։

Դ. Սանասարյանի խոսքով՝ գործի առնչությամբ եղած կասկածները դեռ մնում են, ոստիկանության գործողությունները փաստում են, որ գործը տանում են կոծկման. «Դրան ուղղված գործողություններից մեկն այն է, որ Ռուբեն Հայրապետյանը մինչ օրս հանդես է գալիս վկայի կարգավիճակով։ Մինչև վերջ պայքարելու են, որպեսզի գործը չկարողանան կոծկել»,- նշեց Դ. Սանասարյանը։

Գ. Չուգասզյան. Հերթական ծածկադմբոցն է արվում