.jpg)
«Սպեղանի» երգչախումբը ելույթներ ունեցավ Վիեննայում
Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Վիեննայում կայացած Համաշխարհային խաղաղության փառատոնին մասնակցել է Հայաստանի «Սպեղանի» երիտասարդական երգչախումբը: Մասնակցության հովանավորներն էին ՀՀ Մշակույթի նախարարությունը, Վիեննայում ՀՀ դեսպանությունը, Ավստրիայում Հայ բարեգործական ընդհանուր միության բաժանմունքը, ինչպես նաև Վիեննայի Հայ Առաքելական Եկեղեցական Վարչությունը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ փառատոնի ընթացքում Չինաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ավստրիայի և Էստոնիայի երգչախմբերի հետ «Սպեղանին» հանդես եկավ Վիեննայի լավագույն համերգային բեմահարթակներում, Վիեննայի քաղաքապետարանում, Շյոնբրունում, Վիեննայի ՄԱԿ-ի կենտրոնակայանում և Եվրոպայում ամենահայտնի երաժշտական սրահներից մեկը համարվող «Մյուզիկֆերայն»-ում:
Կատարելով Կոմիտասի շարականները, Վ. Շարաֆյանի և Ե. Երկանայանի գործերը` «Սպեղանին» աչքի ընկավ իր անհատականությամբ և փայլուն ելույթներով` արժանանալով փառատոնի հանձնաժողովի ամենաբարձր գնահատականին: Հայկական խմբին շնորհվեց հատուկ մրցանակ և դափնեգիր:
«Սպեղանին» առանձին համերգով հանդես եկավ նաև Հունգարիայի Դյոր քաղաքի թանգարանի սրահում, որը կազմակերպվել էր տեղի Հայ ինքնավարության և ՀՀ դեսպանության կողմից: