04/08/2012 15:37
«Հաղթող պետությունից չեն պահանջում, որպեսզի տարածք հանձնի»
«Տարածք ոչ ոք հենց այնպես չի հանձնում։ Տարածքի հանձնումը պետք է լուրջ հիմնավորում ունենա։ Հենց այնպես վերցնել ու հանձնել ինչ որ տարածք կամ վիճարկել դրա պատկանելիությունը, անթույլատրելի»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման և մասնավորապես Ադրբեջանի կողմից հնչեցրած այն հայտարարությունների մասին, թե Ազատագրված տարածքների վերադարձից հետո է միայն համաձայն քննարկել Արցախի կարգավիճակի խնդիրը, ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
Բանախոսն ընդգծեց, որ այս հարցը հայկական կողմի համար պետք է դառնա կենսական շահ, և քաղաքականությունը պետք է կառուցվի այն տրամաբանության վրա, որ տարածքների զիջումն անհեթեթություն է ու չպետք է նույնիսկ մտածել դրա մասին։
«Չպետք է զիջում կատարվի. ոչ թե նրա համար, որ մեր հայրենի հողերն են դրանք, մեր հայրենի հողերի մեծ մասը դեռևս բռնազավթված են, այլ պետք է հասկանալ, որ կա ռազմավարական շահ։ Մեզ մոտ առայժմ այդ հարցում բավական մեղմ մոտեցում է, սակայն եթե առաջիկայում լինեն փոփոխություններ, օրինակ բանակցային ձևաչափ վերադառնա Ստեփանակերտը կամ տարածաշրջանում տեղի ունենան ինչ-ինչ զարգացումներ, այս հարցն ընդհանրապես կարող է հանվել օրակարգից»,- իր տեսակետը ներկայացրեց Ն. Գալստյանը։
Մանրամասնելով «բավական մեղմ մոտեցում» արտահայտությունը՝ քաղաքագետը նշեց, որ ներկայիս բանակցային փաթեթը՝ Մադրիդյան սկզբունքներով հանդերձ, որտեղ տարածքների վիճարկման հետ կապված հարց կա, անթույլատրելի մեղմ մոտեցում է։
«Որովհետև փոխզիջումային դիվանագիտությունը փոխզիջումների արվեստ է, բայց փոխզիջումները պետք է լինեն համարժեք։ Երբ հաղթող պետությանը պահանջ են ներկայացնում, թե՝ պետք է տարածք հանձնես, մեղմ ասած՝ կոռեկտ չէ։ Հաղթող պետությունից չեն պահանջում, որպեսզի տարածք հանձնի։ Մենք այդ առումով բազմաթիվ զիջումներ ենք արել. հենց այն հանգամանքը, որ 1994թ. նրանց խնդրանքով զինադադար կնքեցինք. զիջում էր։ Բացի այդ, որ մեր համաձայնությամբ բանակցային գործըթաց սկսվեց՝ դա էլ էր զիջում։ Երրոդ զիջումն այն է, որ կա այն, ինչ որ այսօր կա. ոչ խաղաղություն, ոչ պատերազմ։ Մենք բազմիցս զիջել ենք։
Հիմա ի՞նչ են ասում՝ տարածք տանք, որպեսզի Արցախի փաստացի գոյություն ունեցող կարգավիճակը ճանաչվի՞...»
Ն. Գալստյանի խոսքով՝ բանակցային ձևաչափի տրամաբանությունը և մասնակիցների՝ մասնավորապես հայկական իշխանությունների քաղաքականությունը, որոշակի շտկումներ անհրաժեշտություն ունի:
Բանախոսը նաև հույս հայտնեց, որ ոչ ոք այնպիսի քաղաքական ռիսկի չի գնա, որ փորձի այն գիծն առաջ տանել, որ տարածքները պետք է հանձնել։