06/08/2012 15:33
Ավետյանի քառասունքի օրը մոմավառություն կկազմակերպվի
ՀՀ Պաշտպանության նախարարության բուժծառայության մայոր, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ, վաղը, օգոստոսի 7-ին ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում, տեղեկացնում է «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը:
«Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաև միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը», -նշված է խմբի տարածած հայտարարության մեջ:
Հունիսի 17-ին դաժան ծեծից հետո Վահե Ավետյանը ապրեց մի քանի օր և այդպես էլ գիտակցության չգալով հունիսի 29-ին մահացավ: «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, Ավետյանին և նրա ընկերներին ծեծելու համար այժմ կալանավորված են ռեստորանային համալիրի 6 աշխատակիցներ: