«Բրիտանական ավիաուղիները» չվերթներ չեն իրականացնի դեպի Հայաստան
08/08/2012 18:34

«Բրիտանական ավիաուղիները» չվերթներ չեն իրականացնի դեպի Հայաստան

2012 թ. հոկտեմբերի 13-ից «Բրիտանական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցնելու է դեպի Հայաստան կատարվող թռիչքները: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին «Բրիտանական ավիաուղիներ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի լրատվական բաժնից. «Ընկերության գլխավոր գրասենյակի պաշտոնական պատասխանի համաձայն, եկամտաբերության ցածր մակարդակի պատճառով դադարեցվել են 2012 թ. հոկտեմբերի 13-ից դեպի Հայաստան իրականացվող թռիչքները»:

Նշենք, որ այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Ալեքսան Զաքյանը։

««Զվարթնոց» օդանավակայանի սակագներն այնքան բարձր են, որ շատ ավիաընկերություններ ուղղակի Հայաստան չեն գալիս: Դրա արդյունքում սեպտեմբեր ամսից արդեն Բրիտանական ավիուղիներն էլ են հրաժարվում Հայաստան թռիչք կատարելուց։ Վաղն էլ, հնարավոր է, որ նույն խնդիրը լինի Չեխական կամ մի ուրիշ ավիաընկերությունների հետ։ Բլոկադայի մեջ լինելով՝ մեր երկիրն ինչ որ ձևով պետք է ազդի օդանավակայանի սակագների վրա»,- ասել էր նա` նշելով, որ փոխարենը սակագների մատչելիության շնորհիվ նույն ավիաընկերությունը կրկնապատկել է Լոնդոնից Վրաստան կատարվող թռիչքների թիվը:

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանից Aysor.am թղթակցին հայտնեցին, որ նման խնդիր «Զվարթնոցը» երբևէ չի ունեցել և իրենք այս մասին տեղյակ չեն:

«Դա տարածված երևույթ է, որ այս կամ այն ավիաընկերությունը դադարեցնում է իր թռիչքները այս կամ այն երկիր: Մենք նման խնդիր երբևէ չենք ունեցել, ընդհակառակը, վերջին 6-7 տարվա ընթացքում դեպի Հայաստան կատարվող թռիչքների թիվը եռապատկվել է»,- հայտնեցին օդանավակայանի լրատվական բաժնից:
 

«Բրիտանական ավիաուղիները» չվերթներ չեն իրականացնի դեպի Հայաստան