08/08/2012 16:03
«Հարսնաքարի» գործով նախաքննությունն ավարտվել է
«Հարսնաքարի» գործով նախաքննությունն ավարտվել է: 6 մեղադրյալների մասով գործի նյութերն անջատվել ու տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու համար, իսկ մայր գործում մնացած չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Կողմերի` նյութերին ծանոթանալուց հետո, կկազմվի մեղադրական եզրակացություն, կհաստատվի, և գործը կուղարկվի դատարան»,- Aysor.am թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ: Նրանցից մեկը` ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, և գիտակցության չգալով` հուլիսի 29-ին մահացել էր:
Դեպքի կապակցությամբ կալանավորվել էին 6 մարդ` Գարիկ Մարգարյանը, Նորայր Հայրապետյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Արթուր Բաբլոյանն ու Դավիթ Ադամյանը: