08/08/2012 14:05
Շարմ-Էլ-Շեյխ մեկնող ուղևորները ցանկանում են վերադարձնել տոմսերը
«Զվարթնոց» օդանավակայանում այս պահին շարունակվում է 100-ից ավելի ուղևորների բողոքի ակցիան, որոնց չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ չի կայացել: «Մեր` օգոստոսի 7-ի գիշերը ժամը 03:30-ի չվերթը պետք է իրականցներ «Սփոթ Էյր» ավիաընկերությունը, սակայն երեկ մեզ ասացին, որ չվերթը կկայանա այսօր առավոտյան 9.00-ին, սակայն այսօր էլ չվերթը չի կայացել:
Մեզ մոտեցավ «Հեփի վոյաժ» ընկերությունից Մանե Մելքոնյանը, որը ինտերնետում ներկայացված է որպես ընկերության տնօրեն, և առաջարկեց այդ մեկ օրվա գումարը փոխհատուցել, իսկ ծագած խնդիրը տեխնիկական է` կապված «Սփոթ Էյր» ավիաընկերության հետ և այսօր երեկոյան 19.00-ին արդեն մեր չվերթը կկայանա: Բայց ուղևորները դժգոհում են, իրենք ոչ թե մի օրվա գումարն են ուզում, այլ հանգստանալ, այս պահին այդ հարցերն են ճշտվում, սպասողական վիճակ է, ուղևորներ կան, որ ուզում են վերադարձնել իրենց տոմսերը»,-Aysor.am թղթակցի հետ զրույցում ասաց ուղևորներից մեկը, ով չցանկացած ներկայանալ:
Մեր տեղեկությունների համաձայն, ուղևորների թվում կան նաև լրագրողներ:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև «Հեփի վոյաժ» ընկերության հետ, սակայն նրանց հեռախոսը չէր պատասխանում: