11/08/2012 15:26
ԱԻ նախարար. Ա. Միրաբյանի կյանքին ներկա պահին վտանգ չի սպառնում
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ժամը 11.30-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը Ճգնաժամային Կառավարման Կենտրոնից ուղիղ կապ է հաստատել ՀՀ քաղաքացի Անդրանիկ Միրաբյանի հետ, ով լեռնագնացության նպատակով բարձրացել էր Վրաստանում գտնվող Ուշբա լեռը և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով արդեն երրորդ օրն է չի կարողանում ինքնուրույն ցած իջնել:
Անդրանիկը Ա. Երիցյանին հայտնել է, որ ինքը լավ է և անհանգստանալու կարիք չկա: Նա նաև իր շնորհակալությունն է հայտնել ԱԻՆ-ին՝ ձեռնարկած միջոցառումների և անհանգստության համար: ՃԿԿ-ում ներկա է եղել նաև Ա. Միրաբյանի մայրը: Այնուհետև կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից տեղեկացրել են, որ այսօր առավոտյան ժամը 4-ին օսեթական փրկարարական խումբը երկու հայ փրկարարների հետ սկսել է Ուշբա լեռի վերելքը: Երեք օր անընդհատ ԱԻՆ ՃԿԿ-ն կապի մեջ էր Վրաստանի ու Ռուսաստանի գործընկերների հետ:
ԱԻ նախարար Ա. Երիցյանը կապ է հաստատել նաև Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ, ճշգրտվել են փրկարարական աշխատանքների հետ կապված որոշ մանրամասներ, որից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ, նախարար Երիցյանը լրագրողներին ասել է, որ Անդրանիկ Միրաբյանի կյանքին ներկա պահին վտանգ չի սպառնում, նա ունի սննդի ու ջրի բավարար պաշար, և օգնության մեկնած փրկարարական խումբը կամ ուղղաթիռը բոլոր դեպքերում նրան անվնաս ցած կիջեցնեն:
Ըստ Վրաստանի և Հայաստանի ԱԻՆ օդերևութաբանական ծառայությունների կանխատեսումների` այսօր գիշերը և վաղն ամբողջ օրը եղանակը զգալիորեն կբարելավվի ու նպաստավոր պայմաններ կստեղծվեն փրկարարական աշխատանքների համար: ՀՀ ԱԻՆ-ն ամեն ինչ կանի դժվարության մեջ հայտնված ՀՀ քաղաքացուն անվտանգ հայրենիք վերադարձնելու համար: