Ա. Գևորգյանը մարզպետների հետ մի շարք խնդիրներ է քննարկել
14/08/2012 17:49

Ա. Գևորգյանը մարզպետների հետ մի շարք խնդիրներ է քննարկել

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2012թ. առաջին 7 ամիսների ցուցանիշները: Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 83,7 տոկոս:

Ա. Գևորգյանը հանձնարարել է մարզպետներին` ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների գործընթացը և ցուցանիշների բարելավմանն ուղղված աշխատանքներ տանել հատկապես ընթացիկ բյուջեների ցածր կատարողական գրանցած համայնքներում:

Քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ բոլոր մարզերում աշխատանքները կատարվում են համաձայն ժամանակացույցի, ծրագրի երկրորդ փուլի կատարողականը կազմում է 95 տոկոս, երրորդինը, որը սկսվել է ս.թ. հուլիս ամսին` 20 տոկոս: Մարզպետներին հանձնարարվել է հետևել շինաշխատանքների որակին և դրանց` սահմանված ժամկետներում իրականացմանը:

Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել Ջերմուկում կայանալիք Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Հաշվի առնելով առաջին համաժողովի դրական փորձը` այն այս տարի ևս կանցկացվի նույն ձևաչափով. կձեւավորվեն աշխատանքային խմբեր, որտեղ կկազմակերպվեն թեմատիկ քննարկումներ: Համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 5-6-ը:

Տեղեկություններ ներկայացվեց մարզերում բերքահավաքի, աշնանային գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Մարզպետներին հանձնարարվել է ուսումնասիրել համայնքներում պարարտանյութի և դիզելային վառելիքի պահանջարկը և ՀՀ կառավարությանը ամփոփ տեղեկատվություն տրամադրել, ինչի հիման վրա կորոշվի հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրի հետագա ընթացքը:

Մարզպետների հետ քննարկվել է մարզերում էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի ներդրման նպատակով ուսուցողական դասընթացների կազմակերպման հարցը: Հանձնարարվել է աշխատանքներ տանել համապատասխան պետական կառույցների տարածքային ղեկավարների հետ` մինչ և օգոստոսի վերջը ծրագրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը հաստատելու, ինչպես նաև պատասխանատու անձանց ընտրելու ուղղությամբ:

Ներկայացվել է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրի ներդրման ընթացքը: Ընդհանուր առմամբ` ծրագիրը ներդրվել է 200 համայնքում: Համայնքներում աշխատանքների արդյունավետ և թափանցիկ կազմակերպման առումով փոխվարչապետը կարևորել է ծրագրի ներդրումը և կիրառումը մարզերում:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ոռոգման կազմակերպմանը վերաբերող խնդիրներ: Մասնավորապես` նշվել է, որ պայմանավորված եղանակային եւ սակավաջրության պայմաններով` շարունակում է բարձր մնալ ոռոգման ջրի պահանջարկը, հատկապես մեծ է բարձր ջրապահանջ ունեցող հատվածներում պահանջվող ջրաքանակի մատակարարման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով ոռոգման ջրի մատակարարման կարևորությունը նաև աշնան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ`փոխվարչապետը մարզպետներին հորդորել է համապատասխան աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների և գյուղացիական տնտեսությունների հետ, հետևել, որպեսզի ոռոգումն իրականացվի առավելագույնս կազմակերպված, և ջուրը մատակարարվի խնայողաբար` ընդգծելով, որ Սևանից սահմանված 320 մլն խմ ջրաքանակից ջրառն արդեն 230 մլն խմ է կազմում:

Ա. Գևորգյանը կարևորել է նաև ՋՕԸ-ի կողմից մատակարարված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրումների անթերի կազմակերպումը` նշելով, որ այն առաջին հերթին ուղղված է համակարգում պարտքեր չկուտակելուն և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Մարզպետներին ներկայացվել է նաև «Հայջրմուղկոյուղի», «Լոռիջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունների ներդրումային ծրագրերի ընթացքը:

Փոխվարչապետը նաև մարզպետների հետ քննարկել է բուժհաստատություններում ֆինանսական հոսքերի և պետպատվերով բուժօգնության կազմակերպման հետ կապված հարցեր` հատկապես անթույլատրելի համարելով պարտքերի կուտակումը ՀԲ-ի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրով վերանորոգված բուժհաստատություններում, որտեղ բոլոր պայմաններն առկա են աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:

Խորհրդակցության օրակարգում էին նաև սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցերը: Մարզպետները տեղեկացրալ են, որ ընտրությունների կազմակերպման համար աշխատանքներ են տարվում համապատասխան գերատեսչությունների հետ և ընտրական գործընթացների պատշաճ անցկացման համար իրականացվում են նախապատրաստական բոլոր աշխատանքները:

Քննարկվել են նաեև 2012-2013 թթ. ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված հարցեր, որի ժամանակ մարզպետները տեղեկատվություն են ներկայացրել կրթական հաստատությունների պատրաստվածության վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
 

Ա. Գևորգյանը մարզպետների հետ մի շարք խնդիրներ է քննարկել