Սեյրան Օհանյան. Մենք միշտ պետք է զգոն լինենք
14/08/2012 19:59

Սեյրան Օհանյան. Մենք միշտ պետք է զգոն լինենք

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ այսօր հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նախարարը, ողջունելով բազեականներին, նշել է, որ իր համար մեծ պատիվ է ամեն տարի մասնակցել արդեն ավանդական դարձած «Բազե» հավաքին, և դա օրինաչափ է, քանի որ պաշտպանության նախարարը ղեկավարում է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ հայոց բանակը։ Սեյրան Օհանյանը կարևորել է բոլոր այն երիտասարդական միջոցառումները, որոնք ուղղված են մեր երկրի ապագային, հայ ժողովրդի, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը։

ՀՀ պաշտպանության նախարարի կարծիքով` ժողովուրդների պատմությունը կերտվում է ուժով և գիտելիքներով, արվեստով, մշակույթով, քաղաքակրթությամբ: «Եթե ուժով հաստատագրում ես քո ներկայությունը, ստեղծում ես պայմաններ, որպեսզի քեզ վրա որևիցե ռազմական ոտնձգություն չլինի, ապա արվեստի միջոցով քաղաքակիրթ կերպով ստեղծում ես պայմաններ, որպեսզի քեզնից մեկընդմիշտ հեռու մնան: Գիտեք` մեր բախտը հարևանների հարցում «բերել է», այդ իսկ պատճառով մենք միշտ պետք է զգոն լինենք: Եվ խոսելով մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի մասին՝ ես միշտ ասում եմ՝ Աստված մեզ մեր ուժերի չափով այնքան փորձություն տա, որպեսզի մենք մեր զգոնությունը երբևիցե չկորցնենք։ Զգոնությունը կորցրած, փորձություններով չանցած ժողովուրդները մեծ ապագա չունեն»,- նշել է նախարարը:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև բազեականների հարցերին։ Դրանք վերաբերում էին ռազմահայրենասիրական դաստիարակությանը, պաշտպանական քաղաքականությանը, ռազմական կրթությանը և այլ թեմաների։ Անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորմանը՝ Սեյրան Օհանյանը շեշտել է, որ արցախյան խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի. ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցը մեկ անգամ արդեն լուծվել է, այժմ դիվանագիտական քայլեր պետք է արվեն՝ այդ ամենն ամրագրելու համար։

Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել ճամբարում և ծանոթացել բազեականների առօրյային:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
 

Սեյրան Օհանյան. Մենք միշտ պետք է զգոն լինենք