Ոստիկանությունը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին
14/08/2012 19:50

Ոստիկանությունը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին

Ոստիկանությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության հաղորդմամբ՝ օրակարգում երկու հարց էր` նախապատրաստական աշխատանքները սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը նոր ուսումնական տարվա սկզբին:

Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով առաջիկա ընտրությունների նախապատրաստման և բուն ընտրությունների ընթացքում ոստիկանության դերին ու խնդիրներին` նշել է, որ համապետական ընտրությունների համեմատությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ունեն մի շարք առանձնահատկություններ, ինչն էլ ենթադրում է նոր մոտեցումներ ինչպես ընտրությունների կազմակերպման, այնպես էլ ընտրողների հետ տարվող աշխատանքներում:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հատկապես տեղերից ստացվող տեղեկատվության մշակման, ահազանգերի օպերատիվ արձագանքման և զանգվածային լրատվության միջոցների հետ սերտ համագործակցության վրա:

Ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հրահանգներ տալով ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցի, ընթացակարգի և կոնկրետ անիլիքների վերաբերյալ` Վլադիմիր Գասպարյանը հատկապես կարևորել է յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը:

Անցնելով օրակարգի երկրորդ հարցին` Վլադիմիր Գասպարյանը նոր ուսումնական տարվա սկզբին ուսումնական հաստատությունների շրջակայքում երեխաների և նրանց ուղեկցող մեծահասակների անվտանգության ապահովման կոնկրետ միջոցառումներ է նախանշել և համապատասխան հանձնարարականներ տվել ստորաբաժանումների ղեկավարներին:
Ամփոփելով խորհրդակցությունը` ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ ևս ընդգծել է երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրի կարևորությունը և պատասխանատուներին հրահանգել հետևողականորեն ու լիարժեք կատարել իրենց առաջադրված խնդիրը:
 

Ոստիկանությունը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին