20/08/2012 10:38
«Ազատ Դեմոկրատներ»-ը ցավակցել է Սուրեն Սիրունյանի ընտանիքին
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ցավակցել է Սուրեն Սիրունյանի ընտանիքին և մերձավորներին:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայության տարածած ցավակցական հաղորդագրության մեջ նշված է.
«Օգոստոսի 18-ին մեզ լքեց իսկական ընկեր, իր երկրի ու իր հարազատների իսկական նվիրյալ, կենսախինդ ու ավյունով լեցուն, հավերժ պայքարող ու տոկուն ՀՀ քաղաքացի:
Սուրեն Սիրունյանի մահը մեծ կորուստ է բոլորիս համար, քանզի նա այն մարդկանցից էր, ով իր կյանքի ողջ ընթացքում նվիրվել է իր գործին, դեռևս պատանի հասակից նա Ղարաբաղյան շարժման բացառիկ նվիրյալ էր: Սիրունյանի անձնազոհ կերպարը մշտական պայքար է մղել հայրենիքի և ՀՀ քաղաքացիների ազատության համար՝ ինքն իրեն զրկելով ազատությունից:
Անդառնալի ու ցավալի կորուստ՝ կորուստ մի մարդու, որի ներուժը կարող էր անգնահատելի լինել իր հայրենիքի, իր ընկերների և իր ընտանիքի համար:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Սիրունյանի ընտանիքի անդամներին և մերձավորներին: Մեր ընկերոջ վառ հիշատակը հավերժ մնալու է մեր սրտերում»:
Նշենք, որ Սուրեն Սիրունյանը մահացել է օգոստոսի 18-ին սրտի հանկարծակի կաթվածից: