«Երկիրը 4 սյուների վրա է՝ ստվեր, մենաշնորհ, օլիգարխիա, կոռուպցիա»
21/08/2012 14:50

«Երկիրը 4 սյուների վրա է՝ ստվեր, մենաշնորհ, օլիգարխիա, կոռուպցիա»

«Այսօր մեր երկրի գլխավոր հիմնահարցը արտագաղթը կասեցնելն է։ 90-ական թվականներից մինչ օրս երկրից 1 մլն 600 հազար մարդ է հեռացել։ Միայն 4,5 տարվա ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, 170 հազար մարդ ենք կորցրել. 2008թ. Հայաստանից հեռացել է 20 հազար, 2009թ.՝ 23 հազար, 2010թ.՝ 30 հազար, 2011թ.՝ 45 հազար մարդ։ Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արտագաղթողների թիվը պաշտոնապես 74 հազարի է հասնում։ Եթե այս տեմպերով շարժվենք՝ 5-6 տարի հետո երկիրը կամայանա»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսելով երկրի առջև ծառացած խնդիրների մասին՝ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը։

Ա. Սարգսյանի խոսքով՝ քանի դեռ չի լուծվել գլխավոր այս խնդիրը, մյուս հարցերի մասին խոսելն ուղղակի անիմաստ է։

Դեմկուսի առաջնորդը նշեց, որ 4 մլրդ դոլարի վարկ է վերցրել Հայաստանը, սակայն այդ գումարից ոչ մի դոլար չի ներդրվել տնտեսությունը զարգացնելու համար։

«Կնշանակի, որ մենք զբաղված ենք նրանով, որ այդ պարտքն անընդհատ վերցնում, մսխում ենք, հետո՝ եկող սերունդն է վերադարձնելու այդ պարտքը։ Կառավարությունն իրավունք չունի մնալ որպես հարկահավաք կառույց, կառավարությունը պարտավոր է երկրի զարգացման մասին մտածել. պետք է տնտեսության ճյուղերը զարգացնել, պետք է արդյունաբերությունը զարգանա, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան, որպեսզի կարողանան այստեղ աշխատել և ապրել։ Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի արդյունաբերության որոշ ճյուղեր՝ հատկապես էլեկտրատեխնիկան զարգացնելու համար»,- ասաց Ա. Սարգսյանը։

Նրա խոսքով, այդ ամենին հասնելու համար համակարգը պետք է փոխվի։ Այսօր երկիրը չորս սյուների վրա է ապրում՝ ստվեր, մենաշնորհ, օլիգարխիա, կոռուպցիա։ «Սրանք չորս սյուներ են, որոնք պահում են այս համակարգը։ Եթե դրանք չքանդվեն՝ Հայաստանն իրական զարգացում չի ունենալու»,- ընդգծեց Ա. Սարգսյանը, հավելելով, որ հասարակությունը պետք է պահանջատեր լինի, ու այս ամենը փոխելու համար երկրի Նախագահը պետք է քաղաքական կամք դրսևորի:

 «Մինչև ՀՀ Նախագահը քաղաքական կամք չդրսևորի՝ որևէ բան չի փոխվի»,- շեշտեց Դեմկուսի ղեկավարը։
 

«Երկիրը 4 սյուների վրա է՝ ստվեր, մենաշնորհ, օլիգարխիա, կոռուպցիա»