.jpg)
«Իշխանությունները նախըտրեցին սատարել առավելապես չեզոք թեկնածուին»
«ՏԻՄ ընտրություններին ընդդիմության չմասնակցելու պատճառը` բավարար ռեսուրսների բացակայությունն է, ինչը նրանք սպառել են մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո», - այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադառնալով աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը:
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրութուններում ինքնաբացարկների առատությանը, ապա քաղաքագետի խոսքով՝ նման ընտրություններում առաջադրումները երբեմն տեխնիկական բնույթ են ունենում, ինչով և պայմանավորված է, որ վերջին պահին ինքնաբացարկների թիվը մեծ է լինում: «Արհեստական մրցակցություն ստեղծելու համար շատ համայնքներում միմյանց դեմ են առաջադրվում ամուսիններ, հայր և դուստր, և, բնական է, որ ընտրությունների նախօրեին նրանցից մեկը ինքաբացարկ է հայտնում»։
Անդրադառնալով իշխող կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին սատարելու փաստին՝ Ա. Մինասյանը նշեց, որ այս դեպքում «իշխանությունները նախըտրեցին սատարել առավելապես չեզոք թեկնածուին»:
«Տարիներ շարունակ Գյումրիում կա Ղուկասյանների և Գրիգորյանների կլանների պայքար: Ղուկասյանները ՀՀԿ-ական են, իսկ Գրիգորյանները՝ ԲՀԿ-ական: Այս պայքարին վերջ տալու համար իշխանությունը որոշեց առաջադրել չեզոք մեկին, այս դեպքում` Սամվել Բալասանյանին, որպեսզի վերջ տա կլանային պայքարին»,- պարզաբանեց քաղաքագետը: