.jpg)
ՀՀ և Իսրայելի կառավարությունների միջև համաձայնագիր է կքնվել
ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև 2012-2014 թթ. համար կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին» և ՀՀ մշակույթի նախարարության և Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարարությունների միջև 2013-2015 թթ. համագործակցության աշխատանքային ծրագրերը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնից:
Նշյալ փաստաթղթերը ստորագրվել են Իսրայելի Պետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1994 թ. դեկտեմբերի 19-ին Երուսաղեմում ստորագրված «Իսրայելի Պետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում» համագործակցության համաձայնագրի հիման վրա և նպատակ ունեն ամրապնդելու 2 երկրների բարեկամական հարաբերություններն ու խթանելու առաջիկա տարիների փոխանակումները` մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում:
Մասնավորապես մշակույթի ոլորտում կողմերը պատրաստակամություն են հայտնել Հայաստանում և Իսրայելում անցկացնել փոխադարձ մշակույթի օրեր, թատերական և կինո փառատոներ, կերպարվեստի ցուցահանդեսներ, արվեստի տարբեր ոլորտներում մասնագետների, նաև մանկական և երիտասարդական խմբերի փոխանակումներ և այլն:
Իսրայելի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր Իսրայելի Պետության սփյուռքի և տեղեկատվության նախարար Յուլի (Իոել) Էդելշտեյնը, ով Իսրայելի Պետության կառավարության կողմից ստորագրել է փաստաթուղթը:
Նույն օրը, երեկոյան, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա պետական ֆինանսավորմամբ հրատարակված «Հրեական համայնքը Հայաստանում» գրքի շնորհանդեսը և համերգ՝ նվիրված Հայաստանի հրեական համայնքի 20-ամյակին, որին իրենց մասնակցությունն են բերել նաև Իսրայելի արտիստները: