Քննարկվել են անկախության 21 ամյակի միջոցառումները
24/08/2012 15:15

Քննարկվել են անկախության 21 ամյակի միջոցառումները

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:


Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Մասնավորապես, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ձայնային և լուսային ժամանակակից լուծումներով: ՀՀ անկախության օրը տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում և սփյուռքի գաղթօջախներում:


Նիստի ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել է տարբեր գերատեսչությունների կողմից կազմակերպվող տոնական միջոցառումների ընթացքը: Վարչապետը հանձնարարել է վերջիններիս ղեկավարներին՝ փոխհամագործակցության միջոցով օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր խնդիրներին՝ տոնական միջոցառումները բարձր մակարդակով և սահմանված ժամանակացույցին համապատասխան կազմակերպելու համար:

 

Քննարկվել են անկախության 21 ամյակի միջոցառումները