Հայկական ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունը
25/08/2012 15:07

Հայկական ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունը

2004 թվականի փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներ էին անցկացվում, տեղի ունեցավ ահասարսուռ մի իրադարձություն, որը լիովին ժխտեց այդ ծրագրի էությունն ու իմաստն: Ուշ գիշերով ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը ներխուժեց համակուրսեցիների ննջասենյակ և նախապես ձեռք բերված կացնով կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Այս աննախադեպ հանցագործությունը ցնցեց ոչ միայն Հայաստանին ու Հունգարիային, այլև ողջ Եվրոպային:

Սաֆարովի նկատմամբ դատական գործընթացը շարունակվեց ավելի քան երկու տարի, որի ընթացքում ադրբեջանական կողմը, հայ սպայի ներկայացնելով բազմաթիվ մեղադրանքներ, փորձեց անվանարկել նրա հիշատակը և հասնել հանցագործի համար հնարավորինս մեղմ պատժի: Դատաքննության ընթացքում սպանված սպայի հասցեին հնչած բոլոր մեղադրանքները համոզիչ կերպով մերժվեցին և ապացուցվեց դրանց անհիմն և մտացածին լինելը: Դատավոր Անդրաշ Վասկուտին և մեղադրող կողմը հիանալի քննություն անցկացրեցին` խիստ հավատարիմ մնալով հունգարական և եվրոպական օրենսդրության տառին և ոգին: Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց առավելագույն պատժաչափի` ցմահ ազատազրկման առանց առաջին 30 տարում ներման իրավունքի: Ադրբեջանական կողմի ներկայացրած բոլոր բողոքարկումները մերժվեցին: Կալանքի տակ եղած Սաֆարովը հարձակում էր գործել բանտապահի վրա, ինչը հիմք դարձավ նրա նկատմամբ ևս մեկ քրեական գործ հարուցելու և երկրորդ դատավճիռն ընդունելու համար:

Ադրբեջանական կողմը առաջին իսկ օրվանից Սաֆարովին հանձնելու անհաջող փորձեր էր ձեռնարկում: Պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներն իրենց թույլ տվեցին արտահայտություններ, որոնցով արդարացնում էին հրեշավոր հանցագործությունը: Այսպես, Ադրբեջանի օմբուդսմեն Է. Սուլեյմանովան հայտարարեց, որ. «Սաֆարովը պետք է օրինակ դառնա երիտասարդության համար»: Ռամիլ Սաֆարովը իր երկրում հռչակեց ազգային հերոս:

Անցած 8 տարիների ընթացքում հունգարական կողմն ապացուցեց իր հավատարմությունը միջազգային իրավունքի նորմերին` մերժելով հանցագործին իր հայրենիքին հանձնելու (էքստրադիցիայի ենթարկելու) բոլոր փորձերը: Սակայն ադրբեջանական և թուրքական կողմերը Սաֆարովի հանձնման փորձերը չեն դադարեցնում: Այսպես, վերջերս տեղեկություն տարածվեց Թուրքիայում ստորագրահավաքի մասին, որի նախաձեռնողները, պահանջում են վերանայել Սաֆարովի դատավճիռը` միաժամանակ անցկացնելով անհիմն ու անընդունելի պատմական զուգահեռներ: Պարբերաբար նմանատիպ տեղեկություններ շրջանառվում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում:

Մենք մեր պարտքն ենք համարում դիմել հունգարական հասարակությանն ու պետական մարմիններին` կոչ անելով թույլ չտալ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին, որտեղ նրան, անկասկած, սպասում է ոչ թե պատժի հետագա կրում, այլ` ազատություն, դափնիներ և ավելի մեծ հերոսացում: Որպես ապացույց՝ ներկայացնենք ընդամենը մեկ հայտարարություն. մեկ տարի առաջ ԱՀ նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը հայտարարեց, որ. «Ռամիլ Սաֆարովի նմանների քաջությունը ադրբեջանական հանրությանն ու ժողովրդին երկրորդ շնչառություն տվեցե:

Մենք չենք կասկածում, որ Հունգարիայում լավատեղյակ են, որ հայերի հանդեպ ատելությունն ու այլատյացությունն Ադրբեջանում բարձրացված է պետական քաղաքականության մակարդակ: Դա արձանագրվել է նաև «Անհանդուրժողականության և ռասիզմի դեմ եվրոպական հանձնաժողովիե 2011թ-ի զեկույցում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը իր վերջին ելույթներից մեկում հայությանն անվանել էր Ադրբեջանի թիվ մեկ թշնամին: Հիշեցնենք նաև, որ Բուդապեշտում կայացած դատաքննության ժամանակ Սաֆարովի փաստաբանը հայտարարել էր թե` «հայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում»:

Վերը նշվածի համատեքստում դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչի կհանգեցնի Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին: Դա առաջին հերթին անթույլատրելի է` հաշվի առնելով նրա կատարած հանցագործության ծանրության չափն ու այդ հանցագործության նկատմամբ Ադրբեջանում ձևավորված վերաբերմունքը: Սակայն էլ ավելի ծանր կարող են լինել հետևանքներն ամբողջ աշխարհում նման նախադեպերի կրկնության համատեքստում: Հայերի հանդեպ ատելության և մարդասպանի հերոսացման ոգով դաստիարակված ադրբեջանական երիտասարդության համար հանձնումը գործողությունների անցնելու ազդանշան կդառնա, քանի որ պատիժը հանցագործության համար կլինի շատ մեղմ, իսկ հայի «մարդասպան-հերոսիե կոչման դափնին չափազանց գրավիչ կթվա: Այդ պարագայում պոտենցիալ հանցագործության համար պատասխանատվությունն, անկասկած, կընկնի ոչ միայն Ադրբեջանի, այլև Հունգարիայի վրա: Հարկ է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների համատեքստում հանցագործի հանձնումը կարող է նաև վտանգավոր խթանիչ դառնալ արյունահեղ ռազմական գործողությունների վերսկսման համար:

Մենք կոչ ենք անում բարեկամական Հունգարիայի համապատասխան կառույցներին մտածել այս քայլի անխուսափելի հետևանքների մասին: Սաֆարովը հունգարական դատարանի կողմից սահմանված պատիժը պետք է կրի միայն հանցանքի իրականացման երկրում` խիստ ռեժիմի գաղութում: Դա է պահանջում ոչ միայն գազանաբար սպանված հայ երիտասարդի հիշատակը, այլ նաև Հունգարիայի` որպես մարդու իրավունքներին, բարոյականությանն և մարդասիրությանը հավատարիմ երկրի պարտավորությունները:


Հայտարարությունը ստորագրել են` «Իրավական կամայականության դեմ» հիմնադրամ, Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոն, Ռազմավարական հետազոտությունների կենտրոն, «Եղբայրության կամուրջ» իրավապաշտպան կազմակերպություն, «Հերոսների պանթեոն» բարեգործական հիմնադրամ, «Ցեղակրոն ուխտեր» հայրենասիրական կազմակերպություն, «Լոռվա ուսանողական միություն», Գյումրու զարգացման հիմնադրամ ՀԿ, «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն, « Հայաստանը մեր տունն է» ՀԿ, «Կայուն զարգացման ասոցիացիա», Մանր ու միջին բիզնեսի զարգացման հիմնադրամ, Օտարերկրյա ներդրումների ու համագործակցության ասոցիացիա, Քաղաքական հետազոտությունների ակադեմիա
ևս 30 կազմակերպություններ:

Հայտարարությունը բաց է ստորագրության համար
 

Հայկական ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունը