.jpg)
Արաբագետ. «Կանխատեսելի է, որ սիրիական ճգնաժամը երկար կտևի»
«Աշնանը սպասվում է ռազմական գործողությունների նոր ալիք։ Կանխատեսելի է, որ սիրիական ճգնաժամը երկար կտևի»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում, խոսելով Սիրիայի ճգնաժամի շուրջ, նման տեսակետ արտահայտեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
Անդրադառնալով վերջին օրերին Սիրիայում ծավալված ռազմական գործողությունների ընթացքին՝ արաբագետը նշեց, որ ընդդիմադիր խմբավորումները չունեն սիրիական կառավարական ռազմաօդային ուժերի դեմ պայքարելու արդյունավետ ռազմատեխնիկական լուծումներ, սակայն տեղեկություններ կան, որ նրանք Լիբիայից որոշակի շարժական զենիթահրթիռային համակարգեր են ստացել, որոնցով կարող են պայքարել ռազմաօդային ուժերի դեմ։
Ս. Գրիգորյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերի հաջողության չհասնելու պատճառներից էր այն, որ նրանք չկարողացավ իրենց կողմը գրավել այն զանգվածներին, որոնք բնակվում էին Դամասկոսում և Հալեպում, որտեղ բնակիչների մեծ մասը չեզոք դիրք էին գրավել և չմիջամտեցին հակամարտությանը։
Բացի այդ, ընդդիմության շարքերում չկար միասնություն. նրանք չունեին առաջնորդ, որը կարող էր միավորել բազմաթիվ խմբավորումներն ու ներկայացներ դրանց նպատակներն ու շահերը։
«Այս ամենի հետ միասին պետք է փաստել, որ հակամարտության մեջ ներգրավված արտաքին ուժերն էլ փորձում էին առավել մեծ չափերի հասցնել ընդդիմադիրներին տրամադրվող օգնությունը»,-նշեց արաբագետը։
Ս. Գրիգորյանի խոսքով՝ պարզորոշ է, որ հակամարտող երկու կողմերն էլ «չեն փայլում քաղաքային պայմաններում ռազմական գործողություններ վարելու որակով»։