.jpg)
Մեկնարկում է Եվրամիության նոր Թվինինգ ծրագիր
2012թ. սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակությունը և ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայությունը պաշտոնապես կհայտարարեն Թվինինգ ծրագրի մեկնարկը, որն ուղղված է Հայաստանում միգրացիայի ոլորտի կառավարման հզորացմանը: Միջոցառումը տեղի կունենա ժամը 14:00-ին «Երևան Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Այս մասին հաղորդում են ՏԿՆ լրատվական ծառայությունից:
Բացման արարողությանը մասնակցելու են` ՀՀ Տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ պարոն Արմեն Գևորգյանը և Շվեդիայի Միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարար պարոն Թոմաս Բիլսթրոմը:
Սկսած 2007թ.-ից` Հայաստանի կառավարությունը ակտիվորեն ընդգրկվել է Հայաստանում միգրացիայի ոլորտի կառավարման բարեփոխումների գործընթացում: Այնուամենայնիվ, Հայաստանում միգրացիայի ոլորտի կառավարմանն առնչվող որոշ հարցեր դեռևս լուծում չեն ստացել: Այդ իսկ պատճառով հարկավոր է կանոնակարգել միգրացիայի ոլորտի կառավարման և ապաստանի հարցերի մեջ ներգրավված բոլոր կառույցների իրավասությունները և նրանց միջև համագործակցությունը` բարելավելու տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև լրացնելու բացերը` Հայաստանի օրենսդրությունը ԵՄ փորձին և միջազգային չափանիշներին համապատասխանեցման համար:
Ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, և որի բյուջեն կազմում է 1 միլիոն եվրո, նպատակ ունի մոտեցնելու Հայաստանը ԵՄ` միգրացիայի և ապաստանի ոլորտի կառավարաման օրենսդրությանը և լավագույն փորձին: Ծրագիրն իրականացվելու է 27 ամիսների ընթացքում, որի շահառուներն են` ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայությունը, ինչպես նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և այլ պետական մարմիններ: Ծրագրի նպատակը կիրագործվի համապարփակ կառավարման ձևաչափի , ինչպես նաև ԵՄ լավագույն փորձին ծանոթացման միջոցով: